Արամ Աթեշյանի հայտարարությունը խայտառակություն էր. Ս. Հացպանյան
ОбществоՏարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը, անդրադառնալով Արամ Աթեշյանի հայտարարությանը նշեց, որ նրան ճանաչում է մանկուց և Աթեշյանը 1915թ. դավանափոխ հայերից է, ովքեր բռնի իսլամացման են ենթարկվել:
Նրա ընտանիքը թեև քրդախոս է եղել, սակայն հետագայում վերահայացման պրոցես անցնելով՝ ընդունել է քրիստոնեություն, իսկ Աթեշյանը ստացել է հայկական կրթություն՝ Երուսաղեմում ավարտելով հոգևոր ճեմարանը, իսկ 1976-ին, վերադառնալով Կոստանդնուպոլիս, ծառայության է անցել Կոստանդնուպոլսի պատրիարքարանում:
«Արամ Աթեշյանի հայտարարությունը խայտառակություն էր: Ես Արամին այնքան լավ եմ ճանաչում, որ չեմ պատկերացնում նման կեցվածք որևէ հայորդու կողմից, ուր մնաց Պոլսո Պատրիարքարանի հայ հոգևորական միաբանի կողմից: Ես դատապարտում եմ նրա այդ կեցվածքը»,- ասաց Ս. Հացպանյանը:
Բանախոսի խոսքով՝ Ա. Աթեշյանին թուրքական կառավարության կողմից որևէ մեկը չի հորդորել նման կեցված դրսևորել, որևէ մեկը չի վախեցրել և միակ մարդը, ով կրակե շապիկ էր հագել և քաղաքացիական դիրքորոշում ցուցաբերել, Հրանտ Դինքն էր, որը սպանվեց:
«Աթեշյանի քույրը շարունակում է ապրել որպես մահմեդական և արդեն 5 տարի է, որ Աթեշյանը հայտարարում է, որ իր քրոջը պետք է կնքի, իբրև քրիստոյա, սակայն չի կնքում: Իր քրոջ զավակներից երկուսը հայկական ճեմարան են գնացել, որ դառնան հոգևորական, իսկ քրոջ մյուս որդին մուսուլմանական դպրոց է գնում, որ մոլլա դառնա»,- ասաց Ս. Հացպանյանը:
Նրա խոսքով՝ Աթեշյանը բռնազավթել է Պոլսո պատրիարքի աթոռը և անում է՝ ինչ ուզում է: Նույնիսկ վերջին շրջանում մոտ կես միլիոն դոլարով բնակարան է գնել, ինչն անհնարին է գնել սեփական աշխատավարձով: Բացի այդ, նա Պատրիարքարանում ընդունել է ֆաշիստական կուսակցության ներկայացուցիչներին, որոնք հանդես են գալիս «գորշ գայլեր» խմբավորման անվան տակ:
«Թուրքիայում չեք գտնի թեկուզ մեկ հայի, որը կկրկնի Աթեշյանի խոսքերը: Ստորաքարշության ամենացածր աստիճանի վարքագիծ դրսևորելով՝ Պոլսո պատրիարքարանի առաջնորդը նույնիսկ Անիի հայապատկան եկեղեցին է տրամադրել վրացիներին, սակայն այդ մասին որևէ հայտարարություն որևէ տեղում չկա»,- ասում է Ս. Հացպանյանը:
Բանախոսի խոսքով՝ Աթեշյանն այդ քայը կատարել է, քանի որ առաջիկայում պետք է Պատրիարքարանի ընտրություններ տեղի ունենան, սակայն թուրքական իշխանությունները ձգձգում են ընտրությունների օրը, քանի որ նման մարդու միջոցով կարողանում են իրենց հարցերը լուծել:
«Արամ Աթեշյանն ամեն ինչի պատրաստ է այդ աթոռին մեկ օր ավել նստելու համար: Հայերն են ընտրում իրենց պատրիարքին, սակայն նա գիտի, որ եթե իր թեկնածությունն առաջադրի, նույնիսկ մեկ ձայն չի ստանա: Թե նա ինչքան կերկարաձգի այդ աթոռին մնալըն պարզ չէ, բայց ողջ հայ ժողովուրդը պետք է իմանա, թե ում հետ գործ ունենք, ինչու է նա այդ քայլերն անում և ինչպես են թուրքական իշխանությունների կողմից ուղղորդվում նրա քայլերը»,- ասաց Ս. Հացպանյանը:
Ա. Գրիգորյան