Ազգային ժողովում քվեարկության դրվեց «2014թ.-ի հունսի 3-ին Բրյուսելում ստորագրված ՀՀ պաշտպանության նախարարության և Իտալիայի պաշտպանության նախարարության միջև, Լիբանանում միավորված ազգերի ժամականավոր ուժերի շրջանակներում համագործակցության աջակցության մասին տեխնիկական համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը, սակայն պատգամավորներին քվեարկել չհաջողվեց, որովհետև տեխնիկական կոճակները չէին աշխատում: Այս կապակցությամբ` խոսքն ուղղելով դեմ արտահայտվող պատգամավորներին` Սահակյանն ասաց. «Ձեր խոսքից սարքավորումներն էլ չեն աշխատում»: Նախքան հարցի քվեարկության դրվելը ընդդիմադիր թևի պատգամավորներն առաջարկեցին անդրադառնալ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններին, որովհետև դրանց պատճառով Գյումրիում մեծ բողոքի ցույց է ընթանում: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց. «Գյումրիում մեծ հանրահավաք է հիմա սրա հետ կապված, և մենք պետք է հարցը չկուսակցականացնենք, որևէ կուսակցություն քաղաքական դիվիդենտ չպիտի ակնկալի»,- իսկ պատգամավորին ի պատասխան Գալուստ Սահակյանը կատակեց. «Համաձայնագրում շրջանառության հարկի հետ կապված հարցեր չկան»: Այնուամենայնիվ քվեարկությունն այդպես էլ տեղի չունեցավ, որովհետև տեխնիկական կոճակները չաշխատեցին, իսկ պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը: