Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հարցով ՀԾԿ հանձնաժողովը նիստ կգումարի մինչև հունիսի վերջ
ЭкономикаՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հերքում է մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկն ավարտված է:
Հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը նշեց, որ նման բան չկա:
«Ես չգիտեմ, թե այդ թերթի տեղեկատվության աղբյուրը որն է, բայց ես վստահաբար կարող եմ ասել, որ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հաշվարկն ավարտված չէ: Այն գտնվում է վերջնական փուլում, և դեռ ճշգրտումներ են կատարվում»,- ասաց Մարիամ Ստեփանյանը:
Այն հարցին, թե հանրության համար երբ պարզ կլինի, թե որքանով է էլեկտրաէներգիայի սակագինը նվազելու, Մարիամ Ստեփանյանը նշեց, որ մինչև ամսա վերջ տեղի կունենա հանձնաժողովի նիստը, այդ ժամանակ էլ պարզ կլինի էլեկտրաէներգիայի վերանայված սակագինը: