Երևանում բացվեց չինական նրբագեղ ասեղնագործ աշխատանքների ցուցահանդես
КультураԳունագեղ, գեղեցիկ և յուրահատուկ `այսպես կարելի է բնութագրել Հ.Թումանյանի տուն-թանգարանում Չինաստանի մշակույթի օրերի շրջանակում բացված, Չինաստանի մետաքսի ասեղնագործության մշակույթը ներկայացնող «Չինական նրբագեղ ասեղնագործություն» խորագրով ցուցահանդեսի ասեղնագործ աշխատանքները:
Ցուցահանդեսը, որում ներկայացված են շուրջ 40 աշխատանք, ներառում է ասեղնագործ ծաղիկներ, կենդանիներ, բնապատկերներ և աբստրակտ առարկաներ: Միայն շատ մոտիկից ուսումնասիրելու դեպքում է հնարավոր դառնում հասկանալ, որ դրանք ոչ թե գեղանկարներ են, այլ` ասեղնագործ աշխատանքներ:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանը, ՀՀ մշակույթի փոխնարարը, մի խումբ պատգամավորներ և հյուրեր:
«Հայաստանը և Չինաստանը շատ լավ հարաբերությունների մեջ են և այդ հարաբերությունները զարգանում են նաև մշակույթային ոլորտում: Այս գեղեցիկ աշխատանքները ստեղծելու համար տաղանդ և մեծ համբերություն է պետք: Հայերենում մի շատ լավ բառ կա այս գործերը բնութագրելու համար, այս գործերը ուղղակի չնաշխարիկ են: Հուսով եմ , որ այս յուրահատուկ ցուցահանդեսը ավելի կամրապնդի մեր երկների միջև մշակույթային հարաբերությունները»,- Արմենպրեսի հաղորդմամբ ասաց ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն:
«Այսօր մենք ականատեսն ենք յուրահատուկ նրբագեղ աշխատանքների ցուցադրությանը, որոնք իրենց մեջ կարծես երկխոսություն են պարունակում, և միայն շատ մոտիկից նայելու դեպքում կարելի է տեսնել, թե ինչ մանրակրկիտ աշխատանք է արված»,- նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:
Աշխատանաքների հեղինակներից մեկը վարպետության դասեր էր տալիս ներկաներին` ցուցադրելով իր վարպետությունը և նրբաճաշակ աշխատանքների ստեղծման ընթացքը: