«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հաշվեկշռից կկրճատվի նաև 1982 թվականի կատաֆալկա
АналитикаԿառավարության ակտիվում գրանցված ավտոմոբիլների կրճատման մասին լուրը զուռնա-դհոլով ներկայացնելուց հետո պարզ դարձավ, որ հիմնականում կրճատվելու են 1980-90-ականների արտադրության «Մոսկվիչ 412», «ԻԺ», «Գազ», «Ուազ», «Զիլ» մակնիշի մեքենաներ:
Պարտադիր չէ ավտոմեխանիկ լինել՝ հասկանալու համար, որ այդ մեքենաների «ներկայությունը» մեծ հարցականի տակ կարող էր լինել ի սկզբանե, քանի որ, եթե դրանք իրականում կան, ապա 20-25 տարի չօգտագործելու արդյունքում պետք է, որ վերածված լինեն մետաղի ջարդոնի: Փաստորեն, կառավարությունը ոչ թե գործող մեքենաներն է կրճատել, այլ որոշել է կուտակված աղբից ազատվել, որի պահպանման վրա, հավանաբար, ավելի մեծ ռեսուրսներ են ծախվում, կամ այլ կերպ ասած՝ լվացվում:
Ամեն դեպքում դժվար է հիշել, թե վերջին անգամ այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյան երբ է «Մոսկվիչով» կամ «Զիլ»-ով այս ու այն կողմ գնացել, բայց նաև հպարտանում ենք, որ 21-րդ դարի երկրորդ տասնամյակի ընթացքում մեր իշխանությունները խիզախեցին ազատվել այդ մետաղի ջարդոն մեքենաներից: Համաձայնեք, որ բավական վճռական քայլ է նրանց կողմից, հակառակ դեպքում ևս մի 25 տարի էլ դրանց պահպանման վրա պետք է ջանք ու ռեսուրս չխնայվեր:
Այս ամենը մի կերպ հասկանալուց հետո հարց է ծագում, թե օրինակ՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ինչին է պետք եղել 1982թ. արտադրության կատաֆալկան: Ավելի հետաքրքիր է իմանալ, թե այն ո՞ր ղեկավարի օրորք է ձեռք բերվել, ինչքա՞ն գումար է ծախսվել ձեռք բերելու վրա և «Ջրմուղկոյուղին» ինչ նպատակով է այն օգտագործել: Սրանք հարցեր են, որոնց պատասխանն իրավունք ունի իմանալ սովորական քաղաքացին, քանի որ այս և այսօրինակ կազմակերպություններն ապրում և գոյատևում են նույն այդ քաղաքացիների կողմից վճարվող վարձավճարներից գոյացած գումարների հաշվին:
Ա.Գրիգորյան