Արտակ Զաքարյանը Գյումրիի զարգացման լուրջ ծրագրի անհրաժեշտություն է տեսնում
ОбществоԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը Գյումրի քաղաքի զարգացման լուրջ ծրագրի անհրաժեշտություն է տեսնում: Պատգամավորն այս մասին ասաց Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստո րագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ: «Միայն փողոցների բարեկարգումը և այս վարկային համաձայնագիրը չէ, որ լուծելու է բոլոր խնդիրները: Այս վարկային համաձայնագրի մեջ կարելի է շատ ու շատ նկարագրողական մաս դնել, թե ինչ ազդեցություն է այն ունենալու քաղաքի զարգացման վրա, սակայն մենք սրանով գլխավոր խնդիրը լուծած չենք լինելու»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց պատգամավորը՝ հավելելով, որ իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն նաև հանրապետության այլ քաղաքների խնդիրները բարելավելու հարցին:
Պատգամավորն անդրադարձավ հնչող մտահոգություններին՝ արդյոք պե՞տք է վարկային ռեսուրսներն ուղղել Երևանից դուրս մյուս քաղաքների զարգացման ծրագրերին: Նրա խոսքով՝ այդ հարցը միանգամից դուրս է գալիս, քանի որ այդ վարկային միջոցները հենց այնպես չեն տրամադրում գյումրեցիներին և ասում՝ զարգացրեք ձեր քաղաքը, գեղեցկացրեք այն և շարունակեք ապրել նույն խնդիրների մեջ, որոնց մեջ միշտ ապրել եք: «Բնականաբար, այդպես չէ: Ես կարծում եմ, որ այս վարկային համաձայնագիրը իր հետ բերելու է նաև բավականին լուրջ պատասխանատվություն Գյումրիի քաղաքապետարանի հա մար ինչպես գյումրեցիների, այնպես էլ Հայաստանի քաղաքական իշխանության նկատմամբ: Այս համաձայնագրում դրված է Գյումրիի վերակառուցման, բարեկարգման սկիզբը, բայց դա ինքնանպատակ չէ: Սա արվում է նրա համար, որ Գյումրին գրավիչ քաղաք դառնա ներդրումների տեսակետից»,- ընդգծեց պատգամավորը :
Նրա խոսքով՝ հարկավոր է հասնել մի աստիճանի, երբ Գյումրին կկարողանա մրցակցության մեջ մտնել մայրաքաղաք Երևանի հետ: «Սա, միգուցե, այս պահին այդքան տեսանելի չէ, սակայն մենք պետք է գանք դրան: Այս վարկային ռեսուրսի ներդրման նպատակը հենց դա պետք է լինի: Ես չեմ ցանկանում, որ Գյումրին աստիճանաբար վերածվի կայազորային քաղաքի, և մենք էլ համարենք, որ դա նորմալ երևույթ է: Հետևաբար, ես այս համաձայնագրի հիմքում տեսնում եմ Գյումրիի քաղաքապետարանի շատ մեծ հանձնառությունը: Այս մեծ ներդրումը քաղաքի տնտեսության մեջ պետք է ունենա շատ մեծ հեռանկար և ծառայի քաղաքի զարգացմանը»,- եզրափակեց պատգամավորը:
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով Հայաստանին կտրամադրվի 14.6 միլիոն եվրո վարկ: Վարկը կտրամադրվի 3 տրանշներով՝ 5.3 միլիոն եվրո, 5.3 միլիոն եվրո և 4 միլիոն եվրո: Նախատեսվում է հիմնանորոգել Գյումրի քաղաքի ճանապարհները, ինչպես նաև արդիականացնել քաղաքային լուսավորության ցանցը: