Մասնագետը կայուն ռազմարդյունաբերություն ունենալու համար ՏՏ աշխատուժը եռապատկելու կարիք է տեսնում
ОбществоՀայաստանում կայուն ռազմարդյունաբերական ոլորտ ունենալու համար անհրաժեշտ է մի քանի տարում կրկնապատկել, եռապատկել ՏՏ ոլորտի մասնագետների թիվը:
Լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Խոսել ով ամենամյա «Դիջիթեք» բինզես ֆորումի այս տարվա գերակա ուղղություններից` ռազմարդյունաբերական համալիրի և տեխնոլոգիական ոլորտի համագործակցության խնդրի մասին, նա նկատեց, որ համաժողովի ժամանակ փորձելու են հասկանալ` ինչ լրացուցիչ ենթակառուցվածքների ստեղծման անհրաժեշտություն կա:
«Փորձելու ենք հասկանալ, թե ինչպես կառավարենք մեր ունեցած ռեսուրսները` պետական, տեխնոլոգիական, գիտական, կրթական: Ինչ քայլեր ձեռնարկենք, որ միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում ունենանք լուրջ ռազմարդյունաբերություն, որ որևէ մեկի մտքով չանցնի մեզ վրա հարձակվել»,-ասաց Կարեն Վարդանյանը:
Նրա խոսքով` այս իմաստով կարևոր է կրթական ոլորտում ամբողջական փոփոխությունների մասին խոսելը:
«Մենք կրթական ռեսուրսների շատ լուրջ դեֆիցիտ ունենք, բիզնեսն ամբողջությամբ դրանք կլանել է: Որպեսզի մենք ռազմարդյունաբերության համար ռեսուրսներ ունենանք, առնվազն մեր աշխատուժի քանակը պետք է կրկնապատկենք, եռապատկենք»,-նշեց Կարեն Վարդանյանը` հավելելով, որ մինչև 2022-2023 թվականը անհրաժեշտ է առնվազն 50 հազար աշխատող ունենալ ոլորտում:
Բանախոսի դիտարկմամբ` առկա է նաև մտավոր սեփականության պաշտպանության խնդիր ռազմարդյունաբերությունում, դրսում վաճառքները կազմակերպելու հարցեր:
«Ինչպես դարձենք ռազմարդյունաբերությունը պետության գերակա ճյուղ: Իսրայելի օրինակով, ինչպես ապահովենք պաշտպանված գիտահետազոտական կենտրոնների` այսպես ասած` ռազմական ինկուբատորների ստեղծումն ու գործունեությունը»,-խնդիրները մանրամասնեց Կարեն Վարդանյանը: