Թովմաս Պողոսյանն ընդունել է իր մեղքը
ОбществоՕֆելյա Համբաձումյանի հրաժեշտի արարողության ժամանակ մանկահասակ երեխաների մասնակցությամբ լուսանկարը վերջին օրերի ամենաաղմկահարույց դեպքերից մեկը կարելի է համարել: Ողջ համացանցը պայթեցրած լուսանկարում պարզ երևում է, որ երեխաները կարկամած կանգնել էին հենց դագաղի մոտ, իսկ նրանց հագուստներին ամրացված էր Ցեղասպանության խորհրդանիշը համարվող անմոռուկ հիշեցնող ժապավեն: Այս քայլն այնքան մեծ աղմուկ էր առաջացրել, որ դրան նույնիսկ անդրադարձավ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Ի պատասխան սոցցանցերում հոգեհանգստի արարողությանը երեխաների մասնակցության մասին արված հարցումների՝ ՄԻՊ մամուլի խոսնակը տարածել էր հետևյալ հայտարությունը. «Մտահոգիչ է հոգեհանգստի, հուղարկավորության արարողություններին երեխաներին կազմակերպված ձևով մասնակից դարձնելու փաստը: Անթույլատրելի ենք համարում երեխաներին նման հոգեբանական ապրումներին դրդելը: Հուսով ենք, որ կարվի հնարավորը՝ հետայսու նման դեպքերը բացառելու ուղղությամբ»:
Պարզվում է, սակայն, որ այդ «նախագծի» հեղինակը Ջիվանու աշուղական դպրոցի տնօրեն Թովմաս Պողոսյանն է եղել, ով այդ աղմուկից հետո խոստովանել է, որ այժմ է հասկանում, որ սխալ է եղել մանկահասակ երեխաներին Օֆելյա Համբարձումյանի հուղարկավորությանը տանելը: Որպես արդարացում՝ նա ասել է, թե Օֆելյա Համբարձումյանը շատ էր սիրում իրենց դպրոցը, ուստի իրենք էլ որոշել են դպրոցի սաների ու նրանց ծնողների հետ միասին հարգանքի տուրք մատուցել մեծն երգչուհու հիշատակին, գնալ հոգեհանգստին ու միասին խոնարհվել վարպետի առջև, սակայն հետագայում այդ քայլի հետևանքով բարձրացած աղմուկից հասկացել է, որ չէր կարելի նման բան անել, և եթե իմանար, որ երեխաների մասնակցությունը նման բուռն արձագանքի կարժանանա, նման բան թույլ չէր տա:
«Մենք ուզեցինք լավ բան անել, փաստորեն վատ դուրս եկավ»,- տեսակետ է հայտնել Թովմաս Պողոսյանը:
Ա. Գրիգորյան