Մանկական զբոսայգիներում հնչող աղեկտուր երգերը՝ երեխաների սթրեսի պատճառ
АналитикаԹե քանի մանկական զբոսայգի կա Երևանում, դժվար է ասել, բայց մի քանիսը համարվում են առավել գրավիչ իրենց ներքին մթնոլորտով ու կարուսելներով: Հենց այդ մանկական այգիներում էլ իրենց հանգիտն են անցկացնում մայրաքաղաքի հյուրերն ու երևանցի փոքրիկները: Ամառային արձակուրդի օրերին մանկական զբոսայգիներն ավելի մարդաշատ են դառնում: Դա նշանակում է, որ պատկան կառույցների ուշադրությունը դրանց նկատմամբ պետք է, որ ավելի մեծ լինի: Բնականաբար, դրանց սեփականատերերի առջև նույնպես պետք է պահանջ դրվի, որ վերջիններս ամեն ինչ անեն մանուկների անվնաս ու անվտանգ հանգիստն ապահովելու համար:
Ամառվա ամիսներին նույն հարցն է ծագում, թե մանկական զբոսայգիներում շահագործվող կարուսելներն արդյո՞ք անվտանգ են, արդեն հասցրե՞լ են անցել տեխնիկական փորձաքննություն և ունե՞ն արդյոք դրանք շահագործելու իրավունք: Բայց համաձայնեք, որ երեխայի հետ մանկական այգի այցելած ծնողը միշտ չէ, որ դրան ուշադրություն է դարձնում՝ հավանաբար, հույս ունենալով, որ եթե աշխատում է, ուրեմն ամեն ինչ կարգին է:
Սակայն սա միակ վտանգը չէ, որը կարող է փչացնել այգիներում զբոսնելու և ժամանակն անցկացնելու ցանկություն ունեցողների տրամադրությունը: Վտանգներից մեկն էլ այն է, որ մանկական զբոսայգիներում շատ հաճախ այնպիսի երաժշտություն է հնչում, որը ոչ միայն կարող է երեխաների ճաշակն ու աշխարհայացքը փչացնել, այլև տրամադրությունը:
Օրերս «Օղակաձև» զբոսայգով անցնելիս նկատեցի այլայլված մանուկների, ում ծնողները ոչ մի կերպ չէին կարողանում շեղել երեխաների ուշադրությունը և կտրել նրանց լացը: Շուրջս նայեցի, որ պատճառը հասկանամ և հետո ծնողներից պարզեցի, որ երեխաները ոչ թե կարուսել նստել-չնստելու համար են լացում, այլ զբոսայգում հնչող երաժշտության պատճառով: Ասվածը գուցե ինչ-որ տեղ զավեշտալի թվա, բայց զբոսայգում բավականին բարձր հնչող այդ երգ կոչվածի բառերը մոտավորապես այսպիսին էին.
Իմ սիրուն յար ջան
Ինձ չնեղացնես ու չվշտացնես,
Սերս չկոտրես,
Ու եթե մեկ օր ես քեզ չգրկեմ,
Վշտից կմեռնեմ:
Կարծում եմ՝ ավելորդ է նկարագրել, թե այդ բառակապակցություններով երգ ասվածն ինչ աղիողորմ «մեղեդի» ուներ, բայց որ սկզբում այն ընկալվում էր որպես աղմուկ, ապա՝ բայաթի կանչելու նման մի բան, որը միանգամից գորշացնում էր մաքուր և խնամված այդ այգու պայծառ գույները, փաստ է: Հարց է ծագում, թե այգիների երաժշտական ձևավորմամբ զբաղվող անձիք երբևէ իրենց հարցրե՞լ են, թե իրականում ինչու են այգիներում նման անհեթեթ ու անճաշակ երգեր հնչեցնում, առավել ևս, որ թեմատիկ առումով դրանք որևէ աղերս չունեն երեխաների հետ: Բացի այդ, նրանք ի՞նչ իրավունքով են մանուկներին նման սթրեսի ենթարկում՝ «ստիպելով» լսել այդ աղեկտուր մուղամը:
Անկեղծ ասած՝ դժվար է հասկանալ, թե նման երևույթները բացառելը պետական որ կառույցի իրավասության դաշտում է, բայց անհրաժեշտ է օր առաջ կասեցնել մանկական այգիներում նման որակի երգեր կոչված աղմուկ հնչեցնելու փորձերը, քանի որ մանուկները որևէ մեղք չունեն, որ այգիների սեփականատերերն ու դրանք շահագործողները ո´չ ճաշակ ունեն, ո´չ էլ այնպիսի մտահորիզոն, որպեսզի ինքնուրույն կարողանան մանուկների հանգիստը նորմալ կազմակերպել: Նման դեպքերում լավագույն դեպքում կա´մ պետք է նրանց ստիպել վերապատրաստման դասընթացներ անցնել, կա´մ պարզապես տուգանել, քանի որ երեխաները դառնում են նրանց «զոհերը», ինչը հղի է ամենատարբեր հետևանքներով:
Արմինե Գրիգորյան