էներգետիկ ոլորտի ընկերությունների աուդիտի արդյունքների հրապարակումը կլինի համակարգված
ЭкономикаԱյսուհետև էներգետիկ ոլորտի ընկերությունների աուդիտի արդյունքների հրապարակումը կլինի համակարգված: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է պայմաններ, ըստ որի, էներգետիկ ոլորտի ընկերությունները պարտադիր պետք է նախորդ տարվա համար իրականացնեն ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ: Ընկերությունները եզրակացությունը պետք է ներկայացնեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ինչպես նաև հրապարակեն azdarar.am-ում և իրենց ինտերնետային կայք-էջում:
«Յուրաքանչյուր նախորդ տարվա համար ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի իրականացման պահանջ նախկինում էլ կար, պարզապես օրենքով նախատեսված է, որ ընկերություններն արդյունքները կարող են հրապարակել մամուլում, համացանցում կամ գրքույկների ձևով:
Շատ դեպքերում դժվարություններ էին առաջանում այդ աուդիտների արդյունքները գտնելու գործում: Այժմ պարտադիր է, որ ընկերություններն իրենց կայքից բացի աուդիտի արդյունքները հրապարակեն azdarar.am պաշտոնական կայքում: Դա հնարավորություն կտա, որ յուրաքանչյուր ոք հեշտությամբ գտնի և ծանոթանա այդ արդյ ունքներին»,- նշեց Հանրային ծառայությունները կարգավորողհանձնաժողովի ֆինանսական վերլուծության վարչության պետ Հայկ Ղոսալմյանը: