Ադրբեջանը կրկին փորձում է մի գնդակով երկու նապաստակ որսալ
АналитикаԱդրբեջանական քարոզչամեքենան ինչ հնարքրեր ասես, որ չի հնարում ստահոդ տեղեկություններ տարածելու և դրանով իսկ խառնաշփոթ իրավիճակ ստեղծելու համար: Սա իհարկե հին հնարք է, բայց արի ու տես, որ դեռ շարունակում է հաջողությամբ «աշխատել»:
Բազմիցս ասվել է, որ Ադրբեջանը, լինելով բռնապետական երկիր, չունի ազատ մամուլ, հետևաբար, ադրբեջանական մամուլի կողմից շրջանառության մեջ դրվող ցանկացած տեղեկություն միայն մեկ նպատակ ունի՝ ստով կերակրել սեփական լսարանին: Հիմա դրան գումարվել է նաև երկորդ «պահանջը»՝ իրենց հորինած սուտն ու կեղծիքը տարածել որտեղ հնարավոր է և որքան հնարավոր է: Պարզ է, չէ՞, որ այս երկու հնարքները նույն նպատակն են հետապնդում՝ փաստերը խեղաթյուրելով լվանալ սեփական ժողովրդի ու այն դյուրահավատների ուղեղները, ովքեր ընկում են նրանց լարած թակարդը:
Հայկական մամուլում Մամեդյարովի ստերի տիրաժավորմամբ զբաղված անձինք նույնպես, անտեսելով ադրբեջանական քարոզչամեքենայի հիմնական նպատակը, մեկը մյուսի հետևից սկսեցին ընկնել այդ ծուղակի մեջ: Այդ անհարմար տեղում հայտնվեցին նաև բավականին լուրջ վերլուծաբաններ՝ Մամեդյարովի տարածած հերյուրանքների մասին հերքում պահանջելով մեր իշխանություններից:
Այս ստի կծիկը գնալով մեծանում է, քանի որ դրան օրեցօր գումարվում են հայկական կողմի երևակայությունից բխող տարաբնույթ մեկնաբանությունները: Նույնիսկ հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ մտահոգությունից ծնված մտքերով նրանք ակամայից ջուր են լցնում Ադրբեջանի տնկած «ծառին» ու դեռ օգնում են, որ լավ աճի:
Նման դեպքում մնում է կոչ անել բոլորին կանգ առնել, մի լավ շունչ քաշել ու չմոռանալ, որ ապրիլյան պատերազմից անցել է ընդամենը 2,5 ամիս ու հակառակորդի ջրաղացին ջուր լցնելը ոչ միայն լուրջ չէ, ամոթալի է, այլև դավաճանական տարրեր պարունակող բաղադրիչներ էլ ունի: Բացի այդ, պետք չէ նաև մոռանալ, որ այն, ինչ տարածում է Ադրբեջանը, միայն մեկ նպատակ ունի՝ իշխանությունների կողմից իջեցված պատվերի իրացում, որը և ստացվում է: Ուստի ինքներդ ձեզ ու ձեր երկիրը հարգելով գոնե հրապարակավ կուլ մի´ տվեք այդ խայծն ու մի քիչ հեռատես եղեք, հարգելի´ վերլուծաբաններ: Հակափաստարկներ ներկայացնելու փոխարեն բան ու գործ թողած դեմոկրատ եք խաղում ու իշխանություններից հաշիվ պահանջում: Մի՞թե դժվար է հասկանալ այն պարզ ճշմարտությունը, որ պատերազմը չի ավարտվել ո´չ կռվի դաշտում, ո´չ էլ տեղեկատվական հարթակներում, ուստի եթե հակափաստարներ չունեք, լավ կինի` լռեք ու ձեր ծանր տեղը չթեթևացնեք:
Արմինե Գրիգորյան