Ադրբեջանում մանաթն էժանանալու է մոտ 2,3 անգամ
ЭкономикаԱդրբեջանում շուտով 100 դոլարը կարժենա 180 մանաթ, եւ դա անխուսափելի է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, AzVizion.az լրատվական կայքի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության եւ ձեռնարկատիրության հանձնաժողովի անդամ, պատգամավոր Վահիդ Ահմեդովը: Նման դեպքում ադրբեջանական մանաթը նախորդ տարվա փետրվարի համեմատ կէժանանա 2.3 անգամ:
«Նավթի ցածր գները լուրջ ազդեցություն են գործում մանաթի փոխարժեքի վրա: Մեծացել է ներմուծումը: Ադրբեջանի կենտրոնական բանակը մանաթի մեղմ արժեզրկում է սկսել եւ այդ գործընթացը պետք է շարունակվի ու տարվա վերջին մանաթը ձեռք կբերի իրական շուակայական արժեքը: Մանաթի փոխարժեքը արհեստականորեն կայուն պահելու փող ծախսելու իմաստ չկա: Այդ փողը պետք է ուղղվի այլ ոլորտների զարգացմանը», -ասել է նա:
Պատգամավորը գտնում է, որ մինչեւ տարեվերջ 100 դոլարը կարժենա 170-180 դոլար:
Ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետների կարծիքով` մոտ ժամանակում մանաթի փոխարժեքը զգալիորեն կընկնի եւ մեկ ԱՄՆ դոլարը կարժենա նվազագույնը 2 մանաթ:
Ադրբեջանի տնտեսական վիճակի հետ կապված «Ազադլըգ» թերթում հրապարակած հոդվածում տնտեսագետ-փորձագետ Նեմաթ Ալիեւը գրել է, որ Ադրբեջանի պետական բյուջեում լարվածությունն արագորեն մեծանում է: Մարտի հետ համեմատ, ապրիլին բյուջեի մուտքերը նվազել են 260 մլն մանաթով, մայիսին` 555 մլն մանաթով: Բյուջեի մուտքերի ամսական նվազման ծավալը երկու ամիսներին 21 տոկոսից հասել է 43 տոկոսի: Այսինքն` Ադրբեջանի պետբյուջեի եկամուտները մայիսին 43 տոկոսով նվազել են:
Փորձագետը եզրակացրել է, որ նման ընթացքով 17-18 մլն մանաթ մակարդակի հաստատված Ադրբեջանի պետբյուջեում հնարավոր կլինի հավաքել առավելագույնը 13 մլրդ մանաթ:
«Առանց այն էլ 2016 թվականի պետբյուջեում կրճատված ծախսերն ավելի կնվազեն: Բյուջե լրացուցիչ դրամական միջոց ներգրավելու որպես հեշտ ճանապարհ կարող է մանաթի հերթական արժեզրկման որոշում ընդունվել», -ասել է տնտեագետը, հավելելով, որ ինչը նշանակում է, որ շուտով մեկ մանաթը կարժենա նվազագույնը 2 ԱՄՆ դոլար (ներկայում` 1,53 դոլար):
Ադրբեջանցի տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին էլ «Բիզիմ յոլ» թերթին տված հարցազրույցում քննադատել է Ադրբեջանի նախագահի տնտեսական հարցերով օգնական Նաթիգ Ամիրովի` մանաթի փոխարժեքը վարչական ճանապարհով որոշելու քաղաքականությունը:
«Իշխանությունը մանաթի փոխարժեքի անունը «լողացող» է դրել, սակայն, Կենտրոնական բանկը մանաթի մակարդակը որոշում է վարչական մեթոդներով` փորձելով մինչեւ տարեվերջ արհեստականորեն պահել այն 1,6-1,8 մանաթի մակարդակի վրա, ինչն ահնարին է», -ասել է նա:
Ադրբեջանցի տնտեսագետները նշում են, որ վերջին ամիսներին բնակչության եկամուտները խիստ նվազել են, քանի որ հակառակ դեպքում, դոլարի նկատմամբ պահանջարկն ավելի շատ կլիներ, ինչը չի նկատվում:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն, Ադրբեջանի ԿԲ-ն ամեն օր 50-60 մլն դոլար է հանում շուկա, սակայն, բանկերն անգամ այդքան դոլար չեն գնում, քանի որ բնակչության մոտ փող չկա:
Փորձագետները համոզմունք են հայտնել, որ առաջիկայում խորը տնտեսական ճգնաժամում գտնվող Ադրբեջանի բնակչությունը ստիպված կլինի «ավելի սեղմել գոտիները»: