Առողջապահության նախարարության պաշտոնյաների քրեական գործով քննությունը շարունակվում է
ОбществоԱռողջապահության նախարարության ձերբակալված աշխատակիցների գործունեության հետևանքով նախարարությանը պատճառած վնասների վերականգնման ուղղությամբ աշխատում են իրավապահները։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Դրանք քրեական նյութի գործեր են, իրավապահները աշխատում են, շարունակվում են այդ գործընթացները»,-ասաց նախարարը: Անդրադառնալով նախարարության քաղծառայողների կրճատման մասին հարցին` Մուրադյանն ասաց, որ այդ մասին տեղեկություն ինքը չունի:
Հունիսի 13-ին ձերբակալվել էին ՀՀ առողջապահության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյաներ` ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երևանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը: Նրանք կասկածվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։