Այս տարի Վարդավառի տոնախմբությունը նշվելու է ավելի մեծ շուքով
ОбществоՎարդավառն այս տարի նշվելու է հուլիսի 3-ին՝ ավելի մեծ շուքով և տոնախմբությամբ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի կայանալիք Վարդավառի տոնակատարության մասին խոսել են Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը և Նորաբացի Ս.Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Արևիկ Ուզունյանը:«Վարդավառը շարժական տոն է: Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդ տոնն է: Մեր եկեղեցու հայրերը Հիսուսին նմանեցնում են վարդի, որը փշերի մեջ է ապրում, իսկ փշերն էլ հրեա ժողովուրդն է ու ձեռքով էլ Հիսուսը խաչվեց, այդ պատճառով էլ այն կոչվում է Վարդավառ:
Հուլիսի 3-ին` կիրակի օրը բոլոր հայ առաքելական եկեղեցիներում մատուցվելու է պատարագ: Պատարագի ընթացքում պատարագիչ հոգևորականը կներկայացնի Վարդավառի խորհուրդը: Արարատյան հայրապետական թեմը արդեն երկրորդ տարին է, ինչ Վարդավառին նախորդող օրը կազմակերպում է ազգային մեծ միջոցառում, որը անվանել է Վարդավառի նախատոնակ»,-նշել է Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը:
Տ.Պետրոսը ցավով նշել է,որ շատ երկար տարիներ խորհրդային տարիներին արգելված էր որևէ ազգային տոն նշելը, և Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունը արդեն երրորդ տարին է մեր ազգային բոլոր տոները վերականգնել է և այս տարի նախորդ տարվա համեմատ ավելի մեծ շուքով է նշվելու Վարդավառի տոնը:
«Մենք չենք կարող տարանջատել ազգային սովորությունները եկեղեցու հոգևոր ծեսերից»,-ասաց Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգողը:
Նորաբացի Ս.Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Արևիկ Ուզունյանն ասաց , որ գնալով շատանում է մարդկանց ներգրավվածությունը միջոցառումներին և շատ հետաքրքիր ու ծիծաղելի միջոցառումներ կան այս տոնում, օրինակ` ավանակի վրա նստած տատիկը, ում պետք է ծաղրելով տանեն ամբողջ Մաշտոցի պողոտայով՝ փորձելով նրանից փախցնել խնդումը, որում խնձոր է կախված լինելու, որը խորհրդանշում է հաջողություն:
Տ.Պետրոսը անդրադարձել է նաև մեր օրերում մարդկանց վրա ջուր ցողելը գռեհկության վերածելու հանգամանքին:
«Իրականության մեջ ջրելը շատ լավ բան է դրա մեջ կա խորհուրդ: Ժամանակին վարդի թերթիկներով կամ վարդի յուղով պատրաստված ջրով կիրթ ձևով իրար ցողել են և դրանով մեկը մյուսին օրհնել է, բարեմաղթանք է հղել, սակայն մեր օրերում դա շատ գռեհկացված է դարձել: Կարելի է շատ կիրթ ձևով մշակույթ ստեղծել` պարզապես ջուրը վերցնել, շաղ տալ»,-նշել է ավագ քահանա Մալյանը: