Վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինծառայողների մոտ դրական դինամիկա է նկատվում
ОбществоԱրցախում ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորվում ստացած երեք զինծառայողներ, չնայած դեռևս գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, սակայն նրանց մոտ դրական միտումներով կայուն դինամիկա կա: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Այսօր Ռոլանդին (Ռոլանդ Սահակյան-խմբ.) կարողացել են բակ իջեցնել` մաքուր օդի, բոլորի մոտ կայուն դինամիկա կա` դրական միտումներով և հուսով եմ` շուտով կապաքինվեն, կտեղափոխվեն պալատ»,- տեղեկացրեց նախարարը:
Նրա խոսքով` Գերմանիայում բուժումը շարունակող Արման Լազգիյանի մոտ ևս վիճակը կայուն է: Նախարարությունն ամենօրյա կապի մեջ է Լազգիայի հարազատների և Համբուրգի հիվանդանոցի հետ, որտեղ զինծառայողն անցնում է իր բուժումը: Ակնկալվում է, որ հետագայում Լազգիյանին կտեղափոխեն նեղ մասնագիտացած հիվանդանոց: Անդրադառնալով վիրավոր զինծառայողների ծնողների դժգոհությունների մասին հարցին` Մուրադյանն ասաց.
«Այդպիսի բան չի կարող լինել, որ պետությունն աջակցություն չցուցաբերի, որովհետև առաջին գծից մինչև նեղ մասնագիտական բուժօգնություն` ամենն իրականացրել է պետության հովանու ներքո: Ինչ վերաբերում է այն խնդրին, որ բուժող բժշկական կենտրոնը վիրավոր զինծառայողին չի ներկայացրել բուժման ծախսերը` ներկայանալով որպես բարերար և ինքն է հոգացել բուժման ծախսերը, դա շատ ողջունելի է: Համոզված եմ, որ նման կեցվածքով հանդես եկող բարերարները հետագայում էլ կփորձեն հոգալ այն ծախսերը, որոնք կառաջանան այդ տղաների մոտ: Իսկ պետական ծախսերի մասով համոզված կարող եմ ասել, որ Հայաստանի կառավարությունը իրականացնում է բոլոր հնարավոր միջոցառումները` բուժական օգնությունը պետական ծրագրերի շրջանակում իրականացնելու համար»: