Հռոմի պապն ու Հայոց կաթողիկոսը խաղաղության աղավնիներ բաց թողեցին դեպի Բիբլիական Արարատ
ОбществоՀռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապն այցելեց Խոր Վիրապ:Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի, բարձրաստիճան առաքելական ու կաթոլիկ հոգևորականների ուղեկցությամբ Պապը եղավ վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Սուրբ Գրիգոր Լուսավորչի վիհից հանված լույսով Հայրապետները վառեցին կանթեղը, որը Ֆրանցիսկոս պապի կողմից ընծայվում է Խոր Վիրապի վանքին: Այնուհետև Պապն ու կաթողիկոսը դեպի Բիբլիական Արարատ լեռը նայող դիտահարթակից բաց թողեցին խաղաղության աղավնիներ:
Այսքանով Հռոմի պապի` Հայաստան այցի պաշտոնական ծրագիրն ավարտվեց: Արարողության ավարտից հետո Սրբազան քահանայապետը կմեկնի օդանավակայան` Հռոմ վերադառնալու համար:
Խոր Վիրապը հայոց ուխտատեղիներից է՝ կապված Գրիգոր Լուսավորչի անվան հետ։ Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտ, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Լուսավորիչը Խոր Վիրապից դուրս գալուց հետո, ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է որպես պետական կրոն։
Ֆրանցիսկոս Պապը Հայաստան է ժամանել հունիսի 24-ին` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Բարիգալստի Հրաշափառի արարողությանը: Պապը հյուրընկալվել է ՀՀ նախագահի նստավայրում, առանձնազրույց ունեցել նրա հետ, ելույթ ունեցել ՀՀ իշխանությունների, հասարակության, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Հունիսի 25-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր: Նույն օրը Պապը Գյումրիում պատարագ է մատուցել լատինական ծեսով`համեմված հայկական շարականներով: Երեկոյան Հանրապետության հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մասնակցությամբ տեղի է ունեցել խաղաղության աղոթք և էկումենիկ արարողություն: Հունիսի 26-ի առավոտյան Մայր Աթոռի Սուրբ Տրդատ բաց խորանում մատուցվել է Սուրբ պատարագ` Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ և Սրբազան քահանայապետ Հռոմի Ֆրանցիսկոս պապի աղոթակցությամբ: