Գոնե ես առանց Էրեբունի-Երևանի չեմ էլ պատկերացնում Երևանը. Արթուր Գևորգյան
-Պարոն Գևորգյան, ի՞նչ է Ձեզ համար Երևանը։
-Երևանը նախ և առաջ տուն է, օջախ, սեր ու ջերմություն, միշտ երիտասարդ ավյունով լեցուն ու բացառապես երևանյան համ ու հոտով հարազատ միջավայր, առանց որի, անկեղծ ասած, գոնե ինձ համար դժվար է պատկերացնել կյանքը։ Երևանը նաև հնի ու նորի բացառիկ համադրություն է ինձ համար, որն իր հերթին իսկապես առանձնահատուկ հմայք է տալիս մեր սիրելի քաղաքին։
-Ո՞րն է Երևանի Ձեր սիրելի անկյունը։
-Դրանք այսօր շատ են, դժվար է առանձնացնել դրանցից մեկը կամ երկուսը։ Ամեն դեպքում, շատ եմ սիրում մեր նորակառույց հանգստի գոտիները, որոնք այսօր կրկին հնարավորություն են ընձեռում լիարժեք վայելել հանգիստդ։ Շարունակում եմ սիրահարված մնալ մեր քաղաքի շատրվաններին ու նաև հպարտ եմ, որ այսօր դրանք, մեծ հաշվով, նորից զարդարում են մեր քաղաքն ու իրենց ինքնատիպ հմայքով շատերին գերում, նույնիսկ ժամերով իրենց վրա են գամում ոչ միայն երևանցիների, այլև մեր քաղաքի հազարավոր հյուրերի հմայված հայացքները։ Գուցե ինքնատիպ չհնչի, բայց չեմ կարող ասել, թե կա՞ արդյոք մի անկյուն Երևանում, որը չսիրեմ։ Անկեղծ, չգիտեմ... Թերևս չկա։
-Սիրո՞ւմ եք արդյոք Էրեբունի-Երևանը
-Անսահման շատ եմ սիրում։ Գուցե տարօրինակ հնչի, բայց գոնե ես առանց Էրեբունի-Երևանի չեմ էլ պատկերացնում Երևանը։ Այդ տոնի մեջ ամբողջացած է ի՛մ Երևանը՝ այն քաղաքը, որն ունի հոգի ու որին չսիրել ուղղակի հնարավոր չէ։ Իմ խորին համոզմամբ, միայն այդ տոնի ընթացքում է հնարավոր այդքան լիարժեք ու ինքնամոռաց ձուլվել Երևանի հետ ու դառնալ մեկ ամբողջություն։ Թերևս և ոչ մի տոն այնքան մարդաշատ ու սիրված չէ Երևանում, որքան հարազատ քաղաքի օրը։ Եվ, որ ամենակարևորն է, այդ սերն ամենուր է։ Անգամ օտարազգին, որ քո հարազատ քաղաքում հյուր է, անկարող է անտարբեր մնալ ու չներգրավվել համընդհանուր տոնախմբության մեջ ու չվարակվել բացառապես երևանյան այդ սիրով։ Ու թե օտարն է այդքան ինքնամոռաց ձուլվում տոնին ու քաղաքին, երևանցին ինչպե՞ս կարող է անտարբեր մնալ այդ ամենին։ Մի խոսքով, Էրեբունի-Երևանը եղել է, կա ու լինելու է այն բացառիկ տոնը, որը երբևէ չի կորցնի իր ինքնատիպ հմայքն ու գրավչությունը։ Ի դեպ, օգտվեմ առիթից ու իմ շնորհակալությունը հայտնեմ բոլոր նրանց, ովքեր ապահովում են մեր սիրելի քաղաքի տոնական այդ մթնոլորտը, որն իրականում հատկապես հենց ա՛յդ օրը դառնում է լիարժեք ԷՐԵԲՈՒՆԻԵՐԵՎԱՆՅԱՆ։