ՀՀ ԱԱՊ-ում ՓՄՁ ներկայացուցիչները մասնակցել են ԵՄ արտահանման թեմայով վերապատրաստման
ЭкономикаԵվրոմիության կողմից ֆինանսավորվող «Արևելյան ներդրումներ 2» (East Invest 2) ծրագրի շրջանակներում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում հունիսի 28 - 30-ը կայացել է փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների վերապատրաստում հետևյալ ուղղություններով՝ տեղական արտադրանքի արտահանումը ԵՄ շուկա, ԵՄ առևտրային կապերի ակտիվացում, մարկետինգ, մասնակցություն ցուցահանդեսներին, տեխնիկական ստանդարտներ։
Այս մասին տեղեկացրին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայությունից։
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Սեմինարը ողջույնի խոսքով բացեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, ով ըստ արժանվույն գնահատեց այսպիսի սեմինարների կարևորությունը՝ դրանք գործարարի համար բնութագրելով որպես կենդանի դասագիրք։ Պարոն Սարգսյանը միաժամանակ հավելեց, որ մեր հանրապետությունում հատկապես փոքր և միջին բիզնեսն է ավելի շատ կարիք զգում զորակցության, ինչին էլ նպատակամիտված է նաև այս հանդիպումը։ Մարտին Սարգսյանը միաժամանակ հավաստիացրեց, որ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը մշտապես պատրաստակամ է աջակցել ու ԵՄ–ի նման ծրագրերին։
Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշեց, որ Կառավարության առաջնային մտահոգության խնդիրներից է փոքր և միջին բիզնեսին աջակցելը, ինչը տնտեսական ռազմավարության կարևորագույն դրույթներից է։
Դասընթացը վարեցին Եվրոպայից ժամանած 5 փորձագետ:
Դասընթացի նպատակն է աջակցել գյուղմթերքի վերամշակման ոլորտում գործող ՓՄՁ-ներին ԵՄ շուկա մուտք գործելու, համապատասխան գործարարների հետ համագործակցելու հարցում, ինչպես նաև արտահանման ոլորտում տեղական գործարարների վերապատրաստումը: Դասընթացը աջակցեց գործարարներին ձեռք բերել գիտելիքներ, բարձրացնել իրազեկվածությունը և ստանալ որոշակի պատասխաններ ԵՄ արտահանման հետ կապված տարբեր հարցերի վերաբերյալ:
Ծրագրի ավարտին սեմինարի մասնակիցներին հանձնվեցին մասնակցության սերտիֆիկատներ»։