Աչքի գունավոր մատիտ. ինչպես կիրառել ամռան թրենդը (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Էլ երբ, եթե ոչ ամռանը պետք է լինել վառ եւ համարձակ։ Եթե ցանկանում եք դուրս գալ ստանդարտներից եւ դիմահարդարումն ավելի վառ դարձնել, ապա կարող եք սեւ մատիտը փոխարինել գունավորով։
Որպեսզի դա սահուն գեղեցիկ լինի, հետեւեք Wnews.am-ի խորհուրդներին։

Աչքերը գունավոր մատիտով ընդգծելիս պետք է հիշել, որ այն երկար կմնա, եթե նախքան այդ քսեք սպիտակ մատիտ։ Հիշեք նաեւ, որ գունավոր սլաքները ձեր դիմահարդարման գլխավոր շեշտն են, այդ պատճառով էլ ցանկալի չէ օգտագործել ստվերաներկեր։ Բավարար է աչքերի գունավոր սլաքները համադրել թեթեւ տոնային քսուկի եւ նուդ երանգի շրթներկի հետ։

Ինչպե՞ս ընտրել երանգը.
Ի տարբերություն դասական սեւ մատիտի, գունավորը պետք է ընտրել՝ ելնելով աչքերի գույնից։ Ճիշտ ընտրված երանգը կարող է աչքերը ոչ միայն արտահայտիչ դարձնել, այլ նաեւ ընդգծել դրանց խորությունը, ձեր ընդհանուր կերպարին խորհրդավորություն հաղորդել։
Մատիտի երանգը ոչ թե պետք է աչքերի գույնին լինի, այլ ընդհակառակը՝ կոնտրաստ ստեղծի։

Ո՞ր գույներն են համապատասխանում ձեր աչքերի երանգին.
կապույտ աչքեր. շագանակագույն, կանաչ, արծաթագույն
կանաչ աչքեր. մանուշակագույն, շագանակագույն, մեղրագույն, ոսկեգույն եւ արծաթագույն
շագանակագույն աչքեր. մանուկաշագույն, կապույտ, շագանակագույն, մեղրագույն, երկնագույն, կանաչ, ծիրանագույն
մոխրագույն աչքեր. նրանց սազում են բոլոր երանգները
Ինչպե՞ս կիրառել գունավոր մատիտը.

Տարբերակ առաջին. Վառ գրաֆիկական սլաքներ. այս ամռան գլխավոր գեղեցկության թրենդը։ Եթե կարողանում եք հավասար սլաքներ անել, ապա նույնը արեք գունավոր մատիտով։ Եթե դժվարանում եք հավասար գիծ ստեղծել, ապա սկզբում կետեր նշեք եւ հետո անցում կատարեք մեկից մյուսը՝ ստանալով մեկ գիծ։
Տարբերակ երկրորդ. Սկզբում սեւ գրաֆիկական սլաք արեք, երբ այն չորանա, դրան մոտ գունավոր սլաք արեք։

Երկուսն էլ պետք է լինեն միեւնույն հաստության։Ներքեւի կոպը կարող եք չընդգծել։
Տարբերակ երրորդ. Ներքեւի կոպում. Հաճախ այդպես են վարվում դիմահարդարները, որպեսզի շահեկանորեն ընդգծեն մոդելների աչքի գույնը։

Սկզբում վերեւի կոպն ընդգծեք սեւ կամ շագանակագույն մատիտով, այնուհետեւ աչքի ներքեւի կոպը ներսից ընդգծեք գունավոր մատիտով։ Ամենահաջող երանգները տվյալ պարագայում սպիտակը, ոսկեգույնը կամ կապույտն են։
Տարբերակ չորրորդ. գունավոր մատիտով ընդգծեք աչքի ինչպես վերին, այնպես էլ ստորին կոպը։
Smokey eyes-ը դիմահարդարման ամենադրամատիկ տարբերակներից է։ Կատարելագործեք այն՝ սեւ մատիտը փոխարինելով վառ երանգով։ Մատիտը քսեք թարթիչների վերեւի եւ ներքեւի գծին, այնուհետեւ լավ տարածեք այն՝ ստեղծելով թեթեւ ծուխի էֆեկտ։




