Հայ երիտասարդների «ԹմբաԹա» խումբը կմասնակցի Վաշինգտոնի Սմիթսոնյան փառատոնին
КультураՀայ երիտասարդ երաժիշտները կմասնակցեն Վաշինգտոնում ամեն տարի անց կացվող Սմիթսոնյան ինստիտուտի «Ֆոլքլայֆ» ազգային կյանք փառատոնին, որտեղ ներկայացվում է տարբեր երկրների էթնիկ մշակույթն ու արվեստը:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցության շրջանակում Հայաստանում գործող «Իմ Հայաստան» (My Armenia) ծրագրի աջակցությամբ, Վաշինգտոն են մեկնելու Երևանի «Թումո»-ի երաժշտական ծրագրերից մեկի՝ երիտասարդական ժողովրդական ռոք խմբի` «ԹմբաԹա»-ի անդամները։ Փառատոնի որոշ ներկայացումների ժամանակ Կալիֆորնիայի հայերից բաղկացած «Հայկական հանրային ռադիո» անունը կրող խմբին կմիանան թումոյականները՝ հայկական «Բամբիռ» ֆոլկ ռոք խմբի Արիկ Գրիգորյանի ղեկավարությամբ։
«Նրանք հայկական ժողովրդական երաժշտության հիման վրա կատարում են օրիգինալ ստեղծագործություններ՝ համադրված ռոքի և փորձարարական (էքսպերիմենտալ) երաժշտության հետ,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեցԹումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը ,-սա Սմիթսոնյան ինստիտուտի հետ համատեղ հերթական աշխատանքն է: «Իմ Հայաստան» ծրագրի ընթացքում կազմակերպել ենք նաև դասընթացներ «Թումո»-ի ուսանողների համար»։ Այդ դասերի ընթացքում երեխաները պատրաստել են Հայաստանի մշակ ույթը, նաև սովորությունները և ավանդական խոհանոցը ներկայացնող լուսանկարներ, տեսաշարեր և հոդվածներ։Խմբի անդամները 30 դեռահասներ են, ովքեր սովորում են երաժշտության մշակման բոլոր փուլերը` ներառյալ կատարումը, ձայնագրումը, համադրումն ու կատարելագործումը։ Իրենց կատարումներում երիտասարդները փորձում են հայկական էթնիկ մեղեդիները ներկայացնել ժամանակակից մշակումներով, և այդ համադրությունը նոր շունչ և էներգիա է ստանում՝ փոխելով ավանդական երաժշտության բոլոր կանոնները։ Օրիգինալ մոտեցմամբ է ընտրված անգամ խմբի «ԹմբաԹա» անունը, որը նմանեցրած է հայկական երաժշտության հնչյուններին։
Սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» փառատոնը խոշոր մշակութային միջոցառում է, որն ունենում է Հազարավոր այցելուներ:Այն կազմակերպվում է ամեն տարի՝ սկսած 1967 թվականից և միշտ տևում է երկու շաբաթ՝ հունիսի վերջին և հուլիսի առաջին շաբաթներին։
Սմիթսոնյան փառատոնի պաշտոնական էջում հայկական մշակույթը ներկայացված է «Թումո»-ի երաշժտությամբ ձևավորված այս ֆիլմով: