Ադրբեջանում առաջարկում են Հայաստան այցելած տասը գրողների ներառել «սև ցուցակում»
Հայաստանում կայացած «Գրական տապան 2014» միջազգային փառատոնին իրենց մասնակցությունն ունեցած մի խումբ օտարերկրյա գրողներ պետք է ներառվեն Ադրբեջանի ոչ ցանկալի անձանց ցուցակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է ադրբեջանական Vesti.az լրատվականը:
Մեղադրելով մի շարք գրողների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցի մեջ՝ լրատվականն ի գիտություն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հրապարակել է գրողների անունները, որոնք պետք է ներառվեն «սև ցուցակում»: Այդ գրողներն են. Յանուշ Լեոն Վիշնևսկի (Լեհաստան), Սերժ Վենտուրինի (Ֆրանսիա), Կլաուդիո Պոցցանի (Իտալիա), Լադիսլավ Վետվիչկա (Չեխիա), Գալինա Կլիմովա (Ռուսաստան), Նիկոլա Մաձիրով (Մակեդոնիա), Մարկո Պոգաչար (Խորվաթիա), Քեյթ Ռոյսթեր (Դանիա), Ժիլ Ռոզիեր (Ֆրանսիա), Մեգ Ռոզոֆ (Մեծ Բրիտանիա), Քրիստին Խոբա (Գերմանիա), Վիկա Չեմբարցևա (Մոլդովա):
Ադրբեջանական լրատվական գործակալությունն առաջարկում է ոչ ցանկալի անձ համարել նաև այս տարի Ադրբեջան այցելած լրագրող Ալիսա Գանիևային այն բանի համար, որ վերջինս ևս փառատոնի շրջանակում այցելել էր Հայաստան և ԼՂՀ: