Պատվիրատուն է որոշում վարկանիշային աղյուսակի հորիզոնականները. Տիգրան Քոչարյանը` մամուլի ազատության զեկույցների մասին
«Արևելյան գործընկերության» երկրների շարքում, մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանը չորրորդ հորիզոնականում է` Վրաստանից, Մոլդովայից ու Ուկրաինայից հետո, իսկ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տարեկան զեկույցի համաձայն` Հայաստանը զբաղեցնում է 78-րդ հորիզոնականը` տարածաշրջանում ետ թողնելով բոլոր հարևան երկրներին:
Այս առնչությամբ ORER.am-ը զրուցեց տեղեկատվական անվտանգության մասնագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանի հետ:
Թե ինչքանո՞ վ կարող է իրականությանը համապատասխանել «Արևելյան գործընկերության» նման գնահատականը, Տիգրան Քոչարյանն ասաց, որ ուկրաինական դեպքերից հետո Ուկրաինան` վարկանիշային աղյուսակում Հայաստանից առաջ դասելն ուղղակի ծիծաղելի է:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցի համաձայն` Հայաստանը տարածաշրջանում մամուլի ազատության առումով առաջ է հարևաններից, սակայն նախորդ տարվա համեմատ ետ է նվաճել 4 հորիզոնակով; Հարցին, թե իսկ ի՞ նչ նախադրյալներ կան` ետ, թե՞ առաջ գնալու վարկանիշային աղյուսակում` Տիգրան Քոչարյանը պատասխանեց. «Քանի որ ես գիտեմ, թե վարկանիշներն ինչպես են կազմվում, և այդ աղյուսակը կազմելիս ինչ դեր ունի քաղաքական բաղադրիչը, ես այդքան էլ դրանց չեմ վստահում: Հաճախ հրապարակած ռեյտինգն ընդհանրապես կապ չունի մամուլի ազատության հետ, ուղղակի այդպես է պետք և այդպես են հրապարակում: Այսինքն` եթե երկիրը շարժվում է այն ուղղությամբ, որը համընկնում է պատվիրատուի հայացքների հետ , այդ դեպքում ռեյտինգը բարձր են գնահատում, եթե հակառակն է` կփորձեն մաքսիմալ ցածր գնահատել: Կարող ենք նաև հիշել, որ վերջին տարիներին, երբ ՀՀ կառավարությունը ներքին շուկայում ձախողումներ էր գրանցում և խնդիր էր առաջանում կառավարության ղեկավարի հետ, միանգամից ամերիկյան վարկանիշ կազմող ընկերությունները տարբեր ոլորտներում սկսում էին Հայաստանը բարձր դասել, դրանով ցանկանում էին վարչապետին սատարել;
Դրա համար ես այդ ցուցանիշներին չեմ հավատում և չեմ վստահում, հնարավոր է, որ որոշ ցուցանիշներ իրականությանը մոտ լինեն, բայց պատվիրատուն է որոշում վարկանիշային աղյուսակի հորիզոնականները»: