Վաճառվող թռչնամիսը ոչ միայն ժամկետանց է, այլև ներարկված
ОбществоՊարզվում է, որ սուպեր և հիպերմարկետներում կամ ավելի փոքր մթերային խանութներում վաճառվող հայկական արտադրության թարմ հավերը շատ հաճախ ոչ միայն թարմ չեն լինում, այլև նրանց որոշակի հեղուկներ են ներարկում, որ հավերը թարմ և ախորժելի երևան:
Նման եզրակացության են հանգել «Սպառողների ազգային ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչները, երբ սկսել են ուսումնասիրել թռչնամսի շուկան:
«Փաթեթավորված հավերի վրա փակցված ժամկետի մի քանի պիտակ կա: Մեկը պոկում ես, տեսնում ես տակն ուրիշ ամսաթիվ է նշված: Բայցի այդ՝ հավերին հեղուկներ են ներարկում, որ ավելի մեծ երևան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԿ նախագահ Մելիտա Հակոբյանը:
Կազմակերպության փոխնախագահ Միլետա Արիստակեսյանն էլ նշեց, որ կան թռչնաբուծական ընկերություններ, որոնց համար տուգանք նշանակել-չնշանակելը որևէ կերպով չի շտկում իրավիճակը:
«Տուգանքը վճարում են ու նորից շարունակում են նույն խախտումները կատարել: Այդ է պատճառը, որ մենք առաջարկում ենք, որ տարբեր ընկերությունների հանդեպ կիրառվող տուգանքի չափը վերանայվի:
Եթե նույն չափով տուգանվեն թե՛ մեծ, թե՛ փոքր ընկերությունները, ապա փոքր թռչնաբուծական ընկերությունները կկործանվեն, իսկ մեծերի հեչ պետքն էլ չի լինի: Այդ է պատճառը, որ մենք առաջարկել ենք, որ ոչ թե ֆիքսված գումարի չափով տուգանք նշանակվի, այլ խոշորից մեծ գումար գանձվի, փոքրից՝ փոքր»,- ասաց Մ.Արիստակեսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ մինչև հուլիսի վերջ պարզ կդառնա, թե ինչ փոփոխություններ են կատարվել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից անբարեխիղճ տնտեսվարողների դեմ պայքարելու համար, սակայն թե որքանով փոփոխությունները կազդեն շուկայում վաճառվող թռչնամսի որակը պատշաճ մակարդակի բարձրացնելու և այն անվտանգ դարձնելու վրա, փորձագետները դժվարացան պատասխանել:
Ինչ վերաբերում է տուգանքի չափերին, ապա լավ կլիներ, որ հաշվի առնվեր նաև, թե մեկ տարվա կտրվածքով տվյալ ընկերությունը քանի անգամ է տուգանվել և այն նույնպես հաշվի առնվեր տուգանք նշանակելիս: Հակառակ դեպքում, ինչպես հիմա է, ապագայում նույնպես տուգանքը չի կարող փրկել սպառողներին կասկածելի հեղուկներով լցոնված ու «շպարված» հավեր գնելու վտանգից:
Ա. Գ.