ՃՈ-ն արձանագրում է` որոշ վարորդներ նախազգուշացման դրույթից օգտվելով մի քանի անգամ կատարում են նույն խախտումը
ОбществоԿան վարորդներ, որոնք փորձում են օգտվել «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքով նախատեսված նախազգուշացման դրույթից և նույն իրավախախտումը մի քանի անգամ են կատարում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը:
Կան դեպքեր, երբ վարորդը տեղում վերացնում է իրավախախտումը, նրա նկատմամբ պատասխանատվության միջոց չի կիրառվում: Դրանք են` թաղանթապատված ապակիներով վարելը, առանց համապատասխան փաստաթուղթ ունենալու տրանսպորտային միջոց վարելը կամ տեխզննության կտրոնն առանց փակցնելու վարելը և այլն: Արման Չիլինգարյանը տեղեկացրեց, որ անցած 6 ամիսների ընթացքում բավական մեծ աշխատանք է կատարվել հենց այս դրույթի կիրառման ուղղությամբ:
«Փորձը ցույց տվեց, որ մարդիկ պարզապես օգտվում են նախազգուշացման դրույթից, եղել է դեպք, երբ 6 ամիսների ընթացքում մեկ տրանսպորտային միջոցի նկատմամբ նույն իրավախախտման համար 10 արձանագրություն է կազմվել: Տվյալ մեքենան հայտնաբերվել է թաղանթապատված դիմապակիով: Վարորդը 24 ժամվա ընթացքում խախտումը վերացրել է, հետո նորից նույն խախտումը կատարել է: Կարծում եմ, պետք է նորմեր մշակվեն, որ մարդիկ չկարողանան պարբերաբար կրկնել նույն իրավախախտումը»,-ասաց Արման Չիլինգարյանը:
Կան դեպքեր, երբ կախված որոշակի իրավիճակից, իրավախախտումը կատարելու պայմաններից, վտանգավորության աստիճանից, վարորդի նկատմամբ պատասխանատվության միջոց չի կիրառվում, այլ նախազգուշացվում է: Օրինակ, կանգառի կանոնների խախտումն է, ասենք, եթե 1 րոպե տևողությունը չի գերազանցում կանգառը ու դա պայմանավորված է ուղղակի ուղևորի նստելու կամ իջնելու հետ և որևէ խցանում չի առաջացնում, չի խոչընդոտում ընդհանուր տրանսպորտային հոսքին, ապա այս դեպքում վարչական պատասխանատվություն չի կիրառվում: Այս դրույթը ևս բազմաթիվ կիրառություն է ստացել 6 ամիսների ընթա ցքում :
«Նախկինում շատ են եղել դեպքեր, երբ տաքսու վարորդները, բողոքում էին, որ չեն կարողանում ուղևորին իջեցնել, հիմա այս դրույթի կիրառմամբ, իհարկե, վստահ չեմ կարող ասել ամբողջությամբ, բայց գրեթե բողոքներ չունենք»,-ասաց Արման Չիլինգարյանը:
Նախազգուշացում կիրառվում է նաև խաչմերուկներին մոտենալու ժամանակ երթևեկության գոտիները բաժանող հոծ գծանշումների որոշ խախտման դեպքում: Օրենքը նախատեսում է, որ չի կիրառվում վարչական պատասխանատվություն, եթե այդ գծանշումը հատվել է մեկ անիվով:
«Գիտեք, միշտ հնարավոր է թերություններ, բացեր լինեն, դրա համար էլ նախատեսվում են բողոքարկման ինստիտուտներ: Եթե կան մարդիկ, որոնք մեր ծառայողների կողմից անզգուշաբար ստացել են որոշումներ նվազ նշանակության դրույթների հետ կապված, ապա կարճ ճանապարհը մեր միջոցով պարզելն է: Եղել են դեպքեր, երբ մեզ դիմել են, քննարկվել է, խնդիրը վերացվել է»,-ասաց Արման Չիլինգարյանը: