Գագիկ Բեգլարյանի հովանավորյալը տարածքներ է նվաճում
АналитикаԼուսանկարներում պատկերվածը փոքրաթիվ մասն է այն շենք - շինությունների ու տարածքների, որը պատկանում է Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հովանավորյալ Սադոյան եղբայրներին: Նշյալ եղբայրներից Ռուբենը ԱԺ պատգամավոր է, իսկ Արան՝ Կենտրոնի թաղապետը և ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ պետական աջակցությամբ Իրաքում փորձում է բիզնես դնել Սամվել Ալեքսանյանի հետ միասին:
Իսկ ահա՝ «Չորրորդ Իշխանություն» օրաթերթի տեղեկություններով՝ երևանցիներին հայտնի «դատախազության այգու» սրճարաններից մեկը, որը պատկանում է ոչ վաղ անցյալում իրավապահ համակարգի ճանաչված դեմքերից մեկը հանդիսացած Արմեն Գաբուզյանին, հարևանությամբ տարածք ունի նաև Ռուբեն Սադոյանը, որը ՀՀԿ-ական է և պատգամավոր է դարձել Կենտրոն համայնքն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքից:
«Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Սադոյանը ցանկանում է իր ունեցած տարածքն ընդլայնել Գաբուզյանի սրճարանի տարածքի հաշվին:
Ընդ որում՝ այդ ամենը Սադոյանը որոշել է անել թուղթ-թանաքով: Ռուբեն Սադոյանն էլ, ինչպես գիտեք, պատահական մարդ չէ: Նա համարվում է ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հովանավորյալը և կարող է դարձյալ դիմել Բեգլարյանի միջամտությանն ու օգնությանը: Բոլոր դեպքերում խոսքը «խլոցու» մասին է, որտեղ Սադոյանը հաստատ լրացուցիչ ուժերի կարիք կունենա»,- գրում է թերթը:
Փաստորեն չբավարարվելով իրենց հսկայածավալ շենք - շինություններով ու բիզնեսներով՝ եղբայրները սկսել են ընդլայնվել այլով հաշվին: Լուսանկարներում պատկերված են միայն այն սրճարանն ու շենք - շինությունները, որոնք գտնվում են Վարդան Մամիկոնյանի արձանի հետնամասում:
Եվ հավանաբար ամենաթողությունն է պատճառը, որ անկախ երկրում միջին կարգի պաշտոնյաները կարողանում են նման հսկայածավալ ունեցվածք դիզել, ավելին, օրը ցերեկով ուրիշի հաշվին նոր տարածքներ նվաճել, իսկ պետությունը շարունակում է տուրք տալ զանազան հովանավորների միջնորդություններին և անտեսել մարդկանց բիզնեսին սպառնացող վտանգները...
Շարունակելի