«Ոսկե ծիրան»-ը կցուցադրի գերմանական, բրիտանական, ֆրանսիական, լեհական և ռուսական լավագույն ֆիլմերը
КультураՀայաստանում օտարերկրյա դեսպանությունների և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համատեղ ծրագրերը ներկայացվեցին փառատոնի մեկնարկից օրեր առաջ:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստականտնօրեն Սուսաննա Հարությունյանը նշեց, որ փառատոնի ընթացքում մշտապես ցուցադրվել է նոր ֆրանսիական, գերմանական կինո, նորագույն ֆիլմեր Մեծ Բրիտանիայից և Ռուսաստանից: «Այս համագործակցությունը աճում և նոր պտուղներ է տալիս: Այս տարի մենք ունենք լավագույն նոր ֆիլմերը այս երկրներից, ինչպես նաև ավանդական հյուրեր՝ լրագրողներ ու ռեժիսորներ Ռուսաստանից»,- ավելացրեց Հարությունյանը:
«Ոսկե ծիրան»-ի շրջանակում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության և Գյոթեի ինստիտուտի հետ համատեղ կկազմակերպվի Գերմանական կինոյի օր: Կցուցադրվի Աննե Զոհրա Բերախեդի՝ Բեռլինալեի մրցութային ծրագրից «24 շաբաթ» ֆիլմը:
Գյոթեի ինստիտուտի աջակցությամբ կներկայացվի նաև գերմանա-հունգարացի ռեժիսոր և օպերատոր Ֆրեդ Քելեմենի հետահայաց ցուցադրութունը:
ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը նշեց, որ անցած տարի փառատոնի բացումը համընկավ նրա՝ Հայաստանում դեսպան նշանակվելու առաջին օրերի հետ: Գերմանիան ներկայանում է այս կինոփառատոնին 2004 թ-ից ի վեր: 13 տարիների ընթացքում փառատոնին ցուցադրվել է շուրջ 200 գերմանական ֆիլմ :
«Ես համոզվել եմ փառատոնի կազմակերպչական պրոֆեսիոնալիզմի ու ցուցադրվող ֆիլմերի բարձր մակարդակի մեջ դեռ նախորդ փառատոնին»,- ասաց դեսպանը:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ ավանդական դարձած համագործակցության շնորհիվ այս տարի «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում տեղի կունենա «Ֆրանսիական նոր կինո» ծրագիրը, որը ներառում է վերջին շրջանում նկարահանված լավագույն ֆրանսիական ֆիլմերը: Կինոծրագրի բացումը տեղի կունենա Պիեռ Լեոնի «Երկու, Ռեմի, երկու» ֆիլմով:
Վիլյամ Շեքսպիրի մահվան 400-ամյակի տարելիցին ընդառաջ «Ոսկե ծիրանը» Հայաստանում Բրիտանական Խորհրդի հետ կներկայացնի «Շեքսպիրն ապրում է կինոյում» ծրագիրը, որի շրջանակում կցուցադրվեն հեղինակի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված լավագույն ֆիլմերը:
Կինոփառատոնին արտամրցութային ծրագրում Լեհաստանի դեսպանության հետ համագործակցությամբ կիրականացվի նաև «Լեհական կինոյի օր», որի ընթացքում կցուցադրվի Լոկառնոյի կինոփառատոնում լավագույն ռեժիսուրայի համար մրցանակ ստացած Անջեյ Ժուլավսկու «Կոսմոս» ֆիլմը:
Բացի այդ՝ Հայաստանում ՌԴ դեսպանությանը կից Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը աջակցում է փառատոնում ռուսական ֆիլմերի ցուցադրությանը: