Ադրբեջանական քարոզչամեքենան՝ Կնեսետից մինչև Նժդեհ
АналитикаՊարզվում է, որ թե´ տարածքներ հանձնելու մասին լուրերը, թե´ Նժդեհի արձանի շուրջ առաջացած աղմուկ-աղաղակը ադրբեջանական ծագում ունեցող տեղեկություններ են:
Փաստորեն, Ադրբեջանն այնքան է զարգացրել իր երևակայությունը, որ օր ու գիշեր մտածում է թե ինչ նոր հեքիաթ հորինի, որ մի կողմից՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում խժդժություններ առաջացնի, իսկ մյուս կողմից՝ հայ-ռուսական հարաբերությունների միջև սեպ խրի: Եվ այդ ճանապարհին չի խնայում ոչինչ, նույնիսկ կարողանում է օգտագործել նաև Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման մասին բանաձևի հետաձգված քննարկումն ու դրանից փորձում համար դիվիդենտներ շահել:
Այս անգամ էլ օգտագործելով տեղեկատվական տարբեր հարթակներ՝ ադրբեջանական լոբբին սկսել է սեփական արտադրության նոր ու այնպիսի ճոխ ստեր ու կեղծիքներ տարածել, որ դրանք ոչ միայն զարմանք, այլ սրտխառնոց են առաջացնում:
Խնդիրն այն է, որ ադրբեջանական լոբբին հիմա էլ նոր զառանցանք է հորինել հայերի հակասեմականության մասին և այն կապելով Նժդեհի արձանը տեղադրելու հետ՝ իր կարծիքով նոր «բացահայտումներ» է արել, թե Նժդեհի արձանը տեղադրելով՝ հայերը հաստատել են, թե հակասեմական տրամադրվածություններ ունեն:
Այն, որ ալիևյան քարոզչամեքենան քնում և արթնանում է հայերի միսը ծամելու երազանքը մտքում փայփայելով, վաղուց է հայտնի, բայց որ նրանց երևակայությունը կարող է ոչ միայն դատարկ լինել, այլև այդքան հիվանդ, հավանաբար քչերին է հայտնի: Հատկապես այդ քչերն էլ ընկնում են ադրբեջանական քարոզչամեքենայի լարած հերթական թակարդը:
Հիմնականում դատարկ խոսքի փոթորիկի տակ ընկնողները իրենց կյանքում ո´չ նորմալ կրթություն են ունենում, ո´չ էլ նորմալ տեղեկացված լինում հայի ու Հայաստանի մասին: Ու հենց այստեղից էլ սկսվում է ուղեղի լվացումը, հակառակ դեպքում նրանք էլ այնքան բարձր կծիծաղեին, ինչպես, օրինակ՝ ֆրանսիացիները, ամերիկացիները կամ ռուսները, բայց միամիտ իսրայելցիները ականջները կախած լսում են այդ հիմարությունները ու դեռ մի բան էլ գլխով տմբտմբացնում:
Բայց ամենազավեշտալին այն է, որ հայկական լրատվամիջոցներն են ընկնում այլիևյան թակարդը և իբր գյուտ արածի կեցվածքով սկսում տիրաժավորել նրանց այդօրինակ հիմարությունները: Եվ այն աստիճանի են աղմուկ բարձրացնում, որ դրան ստիպված անդրադառնում է անգամ ՌԴ ԱԳՆ խոսնակը: Եթե կռահեցիք, խոսքը Նժդեհի արձանի մասին է, որի վերաբերյալ ռուսական կողմը մի քանի անգամ հայտարարեց, որ դա Հայաստանի ներքին խնդիրն է:
Պարզ է, չէ՞, որ եթե մի օր էլ ադրբեջանական քարոզչամեքենան որոշի, որ Երևանի կենտրոնում տեղադրված ամանորյա տոնածառի խաղալիքների մասին էլ է պետք հեքիաթներ հորինել ու տարածել, դրա հետ նաև հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու մասին դրվագներ ապարեզ նետել, գուցե էլի ստացվի, քանի որ մեր՝ ուղտի ականջում քնած լոբբիստները չեն էլ պատկերացնում, թե աշխարհի որ ծայրում ինչ սուտ է տիրաժավորվում ու ձնագնդի էֆեկտով երբ է մեզ հարվածելու: Փոխարենը, նստած սպասում են, թե ադրբեջանական կողմը ինչ նոր էշություն կտարածի, որ հազար ձևով հերքեն: Հիմա պարզ է, չէ՞, թե ինչ կապ ունի Ռուսաստանը Նժդեհի արձանը տեղադրել-չտեղադրելու հետ:
Դե, հիմա գոնե եկեք մի լավ ծիծաղեք Նժդեհի արձանի շուրջ բարձրացված աղմուկի վրա, որ հետո էլ լուրջ դեմքով ռուս փորձագետներին ու պաշտոնյաներին չհարցնեք, թե ռուսական կողմն ինչ կապ ունի Նժդեհի արձանը տեղադրել-չտեղադրելու հետ:
Ա. Գրիգորյան