Սոցփաթեթի հանգստի բաղադրիչը 2016-ին գործելու է
ОбществоՍոցիալական փաթեթներով առաջարկվող հանգստի բաղադրիչը 2016 թվականի համար գործելու է, այն կասեցվելու միայն 2017 թվականից: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Դեռևս խոսք չի գնում բաղադրիչը հ անելու մասին, ինչպես վարչապետը նշեց, խոսքը կասեցնելու մասին է՝ 2017-2019 թվականների միջնաժամկետ ծախսերի շրջանակում: Վարչապետի հանձնարարությամբ իրականացվող ուսումնասիրություններն առաջիկայում կավարտվեն և բյուջետային հայտի շրջանակում արդեն կքննարկվի վերջնական որոշում կայացնելու հարցը: Բաղադրիչն այս տարի գործելու է, բնականաբար: Այս պահի դրությամբ՝ 2017-ի համար միջնաժամկետ ծախսերի ծրագրով այդ մասով ծախսեր նախատեսված չեն»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ դեռևս վաղ է վերջնական եզրակացություն անել, թե ինչպիսին կլինեն լուծումները: Արտեմ Ասատրյանի կարծիքով՝ դրանք կլինեն օբյեկտիվ, ճիշտ և ելնելով իրավիճակից, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ծրագրից կան շատ պարտաճանաչ օգտվողներ:
Ըստ նախարարի՝ պետբյուջեում սոցփաթեթի հետ կապված միջոցների ծավալը կազմում է 10 մլրդ դրամ, իսկ դրանից օգտվողների թիվը հասնում է 100 հազարի:
«Չարաշահումները հետևյալում են. շատ դեպքերում չմատուցված ծառայությունների դիմաց կատարվում են վճարումներ, այդ կարգի խնդիրներ են եղել: Ավելի մանրամասն ուսումնասիրությունների արդյունքներն առաջիկայում կներկայացվեն: Վարչապետի ներկայացրած տեղեկատվությունն ունի օբյեկտիվ հիմք և ամբողջական պատկերը ներկայացնելուց հետո որոշումը կկայացվի: 2016-ի հետ կապված որևէ խնդիր չկա»,- նշեց նախարարը: