Համազգային միասնության շարժման շրջանակներում հոկտեմբերին կանցկացվի Եվրասիական տարածքային տնտեսական առաջին ֆորումը
ЭкономикаՏեղի ունեցավ «Ազգային միասնություն» շարժման մարզային կառույցների ներկայացուցչական հավաքը, որի ընթացքում ներկայացուցիչները ամփոփեցին շարժման առաջին փուլը: Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նշեց, որ այսօր հայ ժողովրդի երեք հատվածները` Հայաստանը, Արցախը և սփյուռքը հայտնվել են շահերի նույն հարթության վրա:
«Իր կարևոր պատմական առաքելությունն իրագործելու համար Հայաստանը պետք է լինի տնտեսապես և սոցիալապես հզոր, համախմբված: Ցավոք սրտի, Հայաստանը հզորանալու համար դեռևս լուրջ ճանապարհ ունի անցնելու: Երկրի տնտեսության զարգացման վիճակը բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների հետևանքով շատ հեռու է բավարար լինելուց: Զգալի բացթողումներ կան Հայաստանի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման, բնակչության սոցիալական պաշտպանվածության բնագավառներում»,- ասաց նա:
Իր ելույթում Արա Աբրահամյանն անդրադարձավ նաեւ երկրի տարբեր ոլորտներում կոռուպցիայի առկայությանը:
«Հայաստանի կառավարությունը վերջերս սկսել է պայքարը կոռուպցիայի դեմ: Հուսանք՝ այդ պայքարն արդյունավետ կլինի»,-նշեց Ռուսաստանի հայերի միության նախագահը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ համազգային միասնության շարժման շրջանակներում հոկտեմբերի 14-16-ը Երևանում կանցկացվի Եվրասիական տարածքային տնտեսական առաջին ֆորումը, որի առաքելությունն է ստեղծել ԵՏՄ անցման գործընթացին նպաստող մշտական հաղորդակցության քննարկման և համագործակցության հարթակ: