Պետք է կարողանանք մայրերի մատից գոնե մի փուշ հանել. Ն.Կարապետյան
ОбществоՀՀ տարածքում տրամադրվող մանկական նպաստների համակարգման և դրանց նշանակման ընթացքում առկա դրական և բացասական խնդիրների վերհանման նպատակով իրականացված ուսումնասիրությունն ի թիվս այլ խնդիրների նպատակ էր հետապնդել նաև ցույց տալու, թե որքան կարևոր է բոլորի հանդեպ հավասարության նշան դնելը և անկախ այն հանգամանքից, թե երեխան աշխատող, թե չաշխատող մորից է ծնվում, բոլոր մայրերի հանդեպ էլ համանման մոտեցում ցուցաբերվի:
«Անկախ նրանից՝ աշխատող մայր է, չաշխատող մայր է, բազմազավակ մայր է, պետք է միջազգայնորեն ընդունված դրույթների համաձայն կարողանա օգտվել նույն արտոնություններից»,- ասում է «Կանանց կենտրոն» ՀԿ նախագահ Լիլիթ Ավետիսյանը:
Քննարկման մասնակից ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը, ով իր ելույթում նշեց, որ ինքը նույնպես ունի մոտ մեկ տարեկան երեխա, ուստի լավ գիտի, թե ամսական որքան գումար է անհրաժեշտ երեխայի խնամքի համար. «Մինչև 3 տարեկանը անհրաժեշտ է երեխային հատուկ ուշադրություն դարձնել, քանի որ այն համարվում է ռիսկային: Այդ ընթացքում կազմավորվում է նաև երեխայի առողջությունը, ուստի շատ ավելի ցանկալի կլիներ, որ հնարավորություն լիներ նույնիսկ վճարել ոչ թե հարցմանը մասնակցած մայրերի մատնանշած 75 հազարը, այլ ամսական 750 հազար դրամ: Սակայն պետք է հաշվի առնել նաև երկրի հնարավորությունները և պետք է ռեալ նայենք ու պատկերացնմենք, որ մենք մեր ոտքերը պետք է մեր վերմակի չափով երկարացնենք: Բայց լավ կլինի, որ այս պիլոտային ծրագրի արդյունքները ֆիքսելուց հետո մեծ ծրագրին անցնելու ժամանակ մեր առջև խնդիր դնենք՝ ռեալ արդյունք ունենալու համար»,- ասաց Ն.Կարապետյանը:
Նա առաջարկեց նաև հարցը քննարկել ոչ միայն օրենսդիր, այլև գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ, որպեսզի ոչ ծախսված ռեսուրսներն անտեղի վատնվեն, ոչ էլ ժամանակը. «Մենք պետք է կարողանանք բոլոր մայրերի մատից գոնե մի փուշ հանել, և, շնորհակալություն հայտնելով բոլորից, ուզում եմ խնդրել ակտիվ կապ պահպանել ԱԺ կին պատգամավորների հետ և նրանց այս հարցի շուրջ միավորելով՝ փորձենք այս հարցը դարձնել լայն քննարկման առարկա: Բացի այդ, առաջարկում եմ նաև կառավարության անդամների հետ ձևավորենք աշխատանքային խումբ, որը նույնպես կաջակցի այս ծրագրին և հնարավորություն կտա առաջ շարժվել»,- ասաց Ն. Կարապետյանը:
Ա.Գրիգորյան