Հայոց ցեղասպանության ճանաչումը կրոնական երանգ չունի. ՀՀ Նախագահ
ОбществоՀայոց ցեղասպանության ճանաչումը չունի քրիստոնեական երանգ. Ցեղասպանությունը ճանաչել են ոչ միայն քրիստոնեությունը դավանող անհատներ կամ պետություններ: Այստեղ ավելի շուտ խոսքը գնում է ոչ թե քրիստոնյայի, այլ հումանիստի, մարդու մասին, ով դատապարտում է մարդկության դեմ գործված այդ հանցագործությունը:
Այս մասին արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Իհարկե, որոշ պարագաներում, որոշ հարցերում մեր հարևանները փորձում են այդ խնդիրներին կրոնական երանգ հաղորդել` կախված լսարանից: Գուցե թեմաներն ինչ-որ տեղ կարող են խառնվել, բայց ցանկանում եմ այսպիսի երկու օրինակ բերել: Մեկը հենց Ցեղասպանության հետ կապված:
Ցեղասպանությունը իրագործողը կրոնական համոզմունքներից չի ելնում: Ես չեմ կարծում, որ Օսմանյան կայսրությունում տուժել են միայն քրիստոնյաները կամ միայն հայերը: Սա մեկ:
Երկրորդ, Ադրբեջանը փորձում է ԼՂ խնդիրին ևս կրոնական երանգ հաղորդել, ինչն իրականության հետ բոլորովին կապ չունի: Երբ լսարանն իսլամական է, ապա նրանք այս երանգավորումն են փորձում հաղորդել, երբ եվրոպական է, նրանք արդեն խոսում են տարածքային ամբողջականության մասին, երբ Հեռավոր Արևելքում է` մեկ այլ բանի մասին են խոսում»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Նա հիշեցրել է, որ հայերն ամենևին էլ զուրկ չեն համակեցության գաղափարներից:
«Այսօր մենք փայլուն հարաբերություններ ունենք Իրանի Իսլամական Հանրապետության, բազմաթիվ արաբական երկրների հետ: Մենք ունենք հզոր հայկական համայնքներ արաբական աշխարհում, ԻԻՀ-ում, և դա մեկ, հինգ, տասը տարվա բան չէ: Մենք համակեցության կանոնները շատ լավ գիտենք և ուղղակի համաձայն չենք Թուրքիայի իշխանությունների հետ. այստեղ կրոնական խնդիր բացարձակապես չկա: Գուցե նրանք այդ կանոններով են ղեկավարվում, բայց մենք` ոչ»,- հայտարարել է ՀՀ Նախագահը: