Ողբերգություն վերապրած ժողովուրդներն իրար լավ են հասկանում. բոսնիացի դերասան
ОбществоԲուլղարուհի ռեժիսոր Իգլիկա Տրիֆոնովայի՝ «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթում ներկայացված «Դատախազը, դատապաշտպանը, հայրը և որդին» ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես երբեմն արդարությունը կարող է վերածվել բիզնեսի:
Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը՝ բոսնիացի դերասան Իզուդին Բայրովիչը:
«Ֆիլմի երեկվա ցուցադրությունը համընկել է 1995 թվականին Սրեբրենիցայի զոհերի հիշատակի ոգեկոչմանը: Երեկ Բոսնիայում սգո օր էր: Հստակ չգիտեմ՝ պատահականություն էր, թե կազմակերպիչներն էին այդպես որոշել, որ հենց երեկ ցուցադրվի այս ֆիլմը: Սա նշում եմ, քանի որ ինձ համար շատ կարևոր է»,-ընդգծեց բոսնիացի դերասանը:
Նա տեղեկացրեց, որ առաջին անգամ ֆիլմը ցուցադրվել է Էստոնիայում, հետո Հոլանդիայում եւ Բուլղարիայում, սակայն դեռեւս բոսնիացի հանդիսատեսի դատին այն չի հանձնվել:
«Հուսով եմ, որ ֆիլմի ցուցադրությունը կկազմակերպվի Բոսնիայում, իսկ ինչ վերաբերում է երկրների արձագանքին, կարող եմ ասել, որ ֆիլմի ընկալումը բավականին տարբեր է: Բալկանյան ժողովուրդները անցյալի նույն փորձն ունեն: Ողբերգություն վերապրած ժողովուրդներն առհասարակ ունեն պատմությունը նույն կերպ ընկալելու հատկություն, նրանք լավ են հասկանում միմյանց, իսկ օրինակ՝ Հյուսիսային Եվրոպայի հանդիսատեսի համար պարզ չէր, թե ֆիլմում ինչ իրադարձություններ են տեղի ունենում»,-ասաց նա: