Ես ասում էի՝ մոռացեք, քառյակը հրաշալի չի լինում. Աղվան Վարդանյան
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանի խոսքով՝ քառյակն այսօր էլ գործում է և նրանց հանդիպումը եղել է մի քանի օր առաջ:
«Երբ առաջին նախագահի թեթև ձեռքով ու մտքով մտավ շրջանառության մեջ «հրաշալի քառյակ» տերմինը, ես ասում էի՝ մոռացեք, քառյակը հրաշալի չի լինում, չորս ուժեր են, որ անում են իրենց գործը, որոշ հարցերի շուրջ համագործակցում են»,- այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Վերջինս, անդրադառնալով հարցին, թե Ռուբեն Հակոբյանը նշել է, որ եռյակի մարզային հանդիպումների ժամանակ ժողովուրդն իշխանափոխություն է պահանջում, արդյո՞ք ինքը ևս կիսում է այդ տեսակետը, ասաց. «Ես չեմ վերցնի ժողովրդի անունից խոսելու պատասխանատվություն: Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ հանրահավաք կանենք, ժողովուրդը կգա ու կորոշի՝ ինչ պիտի անենք, սա պարզ մանիպուլյացիա է, սա պատասխանատու քաղաքական գործչի անելիք չէ, մենք շատ ենք սիրում ժողովրդի անունից խոսել:
Միշտ մեծամասնության կարծիքը ձևավորում է փոքրամասնությունը, քաղաքական մարդիկ, տվյալ երկրի էլիտան. թաքնվել ժողովրդի հետևում՝ ճիշտ չէ: Ժողովրդին ասում են՝ որն է ճիշտը ու գնում են դրա հետևից»:
Աղվան Վարդանյանը նշեց նաև, որ շատ ուրախ կլինի, որ եռյակի հանրահավաքը լինի հաջողակ ու մարդաշատ: