Փնտրվում են անկուսակցական մասնագետներ
АналитикаՄոտեցումը, թե այս կամ այն ոլորտի ղեկավարներն անպայման պետք է ԱԺ ընտրությունների ժամանակ պահանջվող շեմը հաղթահարած կուսակցությունների ներկայացուցիչներ լինեն, վաղուց է իրեն սպառել: Գործադրի պորտֆելները կուսակցությունների հետ մեջ-մեջ անելով շատ ոլորտներ առաջընթացի փոխարեն պարզապես քանդվեցին: Եվ դա բնական է, քանի որ ցանկացած անհատ, ով այս կամ այն կուսակցության կողմից այս կամ այն պաշտոնին է նշանակվում, լավ գիտի, որ լավ աշխատի, թե վատ, այնքան կմնա այդ աթոռին, ինչքան որ իր կուսակիցները ցանկանան: Եվ ամենևին էլ կապ չունի, թե նրա օրոք ծաղկո՞ւմ է տվյալ ոլորտը, թե՞ գահավիժում, կարևորը, որ նա իրենց կադրն է:
Այսրոպեական մտածելակերպով էլ երկիրը սկսեց «զարգանալ»: Մի կողմից՝ ինչ-որ անհատներ կարողացան սեփական հավակնությունները բավարարելու համար նախարարների պորտֆելներ ստանալ, մյուս կողմից՝ սեփական կուսակցության շահերը սպասարկել: Եվ ստացվեց այնպես, որ պետական շահի հանդեպ սրտացավ վերաբերմունք դրսևորելը կամ տվյալ գերատեսչության իրավասության շրջանակում ի շահ երկրի և ազգի հեռանկարի որևէ լավ բան անելը կորցրել էր իր իմաստն ու ակտուալությունը: Քանի որ այն, ինչ տրվում էր, «տրվում էր» սեփական կուսակցությանը ծառայելու դիմաց և խիստ ժամանակավոր էր ու բավականին փխրուն:
Այս հանրակացարանային մտածելակերպի հետևանքով մարդը վերածվեց քայլող կուսակցական մեքենայի՝ կործանելով իր ճանապարհին պատահածը: Իսկ հիմա, երբ շատ գյուղական բնակավայրերում դպրոցներ չլինելու պատճառով ավելացել է ոչ տառաճանաչ երեխաների թիվը, լռում ենք, իսկ դպրոցը հիմնականի և ավագի բաժանելու հետևանքով համայնքներում ապրողներին կրկնակի փորձության առջև կանգնեցնելը անտեսված հարցերից է: Օրինակները կարելի է երկար թվարկել, բայց այն, որ բոլորն էլ կուսակցական, այլ ոչ թե մասնագիտական «եզրակացության» հետևանքներ են, անվիճելի է:
Հիմա արդեն, երբ այլևս կուսակցական մանևրների ժամանակները կարծես անցել են, ՀՀԿ-ում էլ են համոզվել, որ սխալ է նախարարական պորտֆելների կամ այս ու այն աթոռի առևտրով զբաղվելը, առավել ևս, որ մի բուռ Հայաստանում տարբեր ոլորտների լավագույն մասնագետներին բոլորը գիտեն: Նրանց կուսակցական պատկանելության հետևանքով մեկուսացնելը ոչ միայն սխալ է, այլև կործանարար ոչ միայն տվյալ ոլորտի, այլև ողջ երկրի համար:
Եվ պատկերացրեք, որ ինչ-որ տեղ ողջունելի է իշխող կուսակցության ներկայիս այն մոտեցումը, որ անկախ կուսակցական պատկանելությունից՝ իրենք հարցին մոտենում են անհրաժեշտության տեսանկյունից և սկսել են չկարևորել կամ չստիպել, որ մասնագետը սկզբում կուսակցական երդում տա, հետո նոր պաշտոն ստանձնի:
Ի դեպ, առանց կուսակցական «բաճկոնի» ավելի է մեծանում անկաշկանդ աշխատելու հնարավորությունը, որն էլ իր հերթին մեծացնում է ոլորտը լավագույն մասնագետներով համալրելու հնարավորությունը:
Ու եթե հետ նայենք, կհասկանանք, որ վաղուց էր պետք նման ձևով երկիրը զարգացնել, այդ ժամանակ բոլոր ղեկավար այրերն էլ պատասխանատու կլինեին սեփական ոլորտի զարգացման համար և ոչ թե կսկսեին խնդիրներն իրար վրա գցելով զբաղվել: Եվ այսքան ո՛չ բնապահպանական, ո՛չ տնտեսական, ոշչ էլ կրթական, ո՛չ էլ այլ խնդիրներ չէին լինի:
Ա. Գրիգորյան