Երևանում բացվեց ազատամարտիկ Վահրամ Միքայելյանի աշխատանքների ցուցահանդեսը
КультураՀովհաննես Շարամբյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի է ունեցել գեղանկարիչ, Արցախյան հերոսամարտի մասնակից Վահրամ Միքայելյանի «Այս աշխարհի իմ անկյունը» խորագիր կրող ցուցահանդեսի բացումը :
Ցուցահանդեսը բաց է արվեստասերների համար մինչև հուլիսի 21-ը:
«Միքայելյանը նկարել է դպրոցական տարիներից: Նա կրթություն է ստացել Թերլեմեզյանի ուսումնարանում: Արցախյան պատերազմում գեղանկարիչը ծանր վիրավորվում է և զրկվում է աջ ձեռքից, սակայն դա իրեն չի խանգարել շարունակել ստեղծագործել:
Լինելով նրա համագյուղացին և իմանալով նրա կտավների բովանդակությունն ու խորությունը, ես և մի քանի արվեստագետներ այցելեցինք նրա արվեստանոց: Տեսնելով նրա բարձր արժեք ներկայացնող կտավները՝ մենք որոշեցինք ցուցահանդես կազմակերպել և ներկայացնել հանրությանը նրա աշխատանքները»,- նշեց ցուցահանդեսի կազմակերպիչ Զեփյուռ Սարդարյանը:
Արվեստաբան Գայանե Ավետիսյանն իր հերթին նշեց, որ Միքայելյանն իր նկարներում ներկայացրել է սերը հայրենիքի նկատմամբ:
«Լինելով Հակոբ Կոջոյանի, Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի ազդեցության տակ, նա երկար որոնումներից հետո գտել է սեփական ոճը, որտեղ կտավներում ներկայացրել է սերը հայրենիքի նկատմամբ: Նա այս կտավներում տաք գույներով ներկայացրել է իր գյուղը, հարազատ երկիրը և հայրենիքը»,- նշեց Ավետիսյանը:
Վահրամ Միքայելյանը ծնվել է 1965 թվականին Վայոց ձորի Սերս գյուղում: Սովորել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստ ուսումնարանում: 1987 թվականին Վայքի Մշակույթի տանը բացվել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը: 1989 թվականին նա հիմնել է նկարչական խմբակ, ինչպես նաև նկարչություն է դասավանդել դպրոցում: 1991 թվականին Արա Շիրազի կողմից նվեր է ստացել արվեստանոց ՝ Վայք քաղաքում: 1992 թվականին նա Վայքի կամավոր ջոկատի հետ, մասնակցել է Լաչինի միջանցքի ինքնապաշտպանական մարտերին, որտեղ ծանր վիրավորվել է, զրկվելով իր աջ ձեռքից: