Վերաբացվեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շիրակի տարածաշրջանային լաբորատորիան
ОбществоՎերանորոգումից հետո Գյումրիում հուլիսի 14-ին վերաբացվեց ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շիրակի տարածաշրջանային լաբորատորիան:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության գլխավոր տնօրեն Էլիզաբեթ Ջորջը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները:
Վերանորոգման աշխատանքներն իրականացվել են ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև կնքված համաձայնագրի համատեքստում՝ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի /ԿՈՆՀԾ/ շրջանակներում: Ծրագրի շնորհիվ ոչ միայն վերանորոգվել է շինությունը, այլ նաև վերազինվել՝ միջազգային չափանիշներին համապատասխան:
«Սա համագործակցության գերազանց արդյունք է՝ մեկ օր առաջ Երևանում նշեցինք կենտրոնական լաբորատորիայի բացումը, իսկ այսօր Շիրակի մարզային լաբորատորիայի բացում:
Ինձ համար մեծ հաճույք է լինել այստեղ և տեսնել, թե որքան ենք առաջ գնացել մեր համագործակցության սկզբից մինչ օրս: ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալությունը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի զարգացնի համագործակցությունը և պայքարի վարակիչ հիվանդությունների և կենսաբանական սպառնալիքների դեմ: Մենք կողք-կողքի համագործակցում ենք մեր գործընկեր երկր ների հետ:
Այս վերանորոգման աշխատանքներով հաջողությամբ եզրափակվում է առաջին փուլի լաբորատորիաների կառուցումը ԿՈՆՀԾ-ի կողմից՝ ՀՀ ԱՆ հետ համագործակցությամբ»,-իր խոսքում նշեց Էլիզաբեթ Ջորջը:
ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալությունը ներդրել է 2.7 մլն դոլար տվյալ լաբորատորիայի վերանորոգման համար: Գումարի շրջանակներում իրականացվել են շենքի կառուցվածքային և լաբորատոր վերանորոգումներ, բացի այդ մոտ 340 հազար դոլար գումարի շրջանակներում գնվել է սարքավորում և կահույք:
ԿՈՆՀԾ-ի շրջանակներում արդեն վերակառուցվել են Ռեֆերնենս լաբորատոր կենտրոնը Երևանում և Տավուշի տարածաշրջանային լաբորատորիան: 2017 թվականին նախատեսվում է ավարտին հասցնել Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի տարածաշրջանային լաբորատորիաների վերակառուցման աշխատանքները: Վերազինված բոլոր լաբորատորիաները կապված են լինելու միմյանց հետ:

«Բնակչության առողջության պահպանումը ՀՀ կառավարության գերական խնդիրներից է, որի ուղղությամբ շարունակաբար և հետևողականորեն հզորացվում են հանրային առողջապահական կարողությունները:
Զգալի ջանքեր են գործադրվում լաբորատոր համակարգի զարգացման ուղղությամբ և այս առումով կարևորվում է հիվանդությունների վերահսկման և ազգային կենտրոնի Շիրակի տարածաշրջանային լաբորատորիայի վերակառուցումն ու վերազինումը: Վերակառուցված լաբորատորիաների գործարկումը կնպաստի լաբորատոր հետազոտությունների որակի ապահովմանը և հայտնաբերված հարուցիչների նույնականացման գործընթացի իրականացման, երկրի տարածքում պատշաճ համաճարակաբանական և կենսաբանական դիտարկման հետագա զարգացմանը, կենսաբանական անվտանգության պահանջների ապահովմանը, միջգերատեսչական և միջազգային համագործակցությանը»,- իր խոսքում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ հույս հայտնելով, որ վերաբացված լաբորատորիայում հետագայում կիրականացվեն նաև ժամանակակից գիտական աշխատանքներ, որոնք կստանան միջազգային ճանաչում :