ԱՀԿ-ն Հայաստանում քննարկել է երեխաների և դեռահասների առողջության պահպանման ազգային նոր ռազմավարությունը
ОбществоԱռողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ՀՀ առողջապահության նախարարության 2016-2017թթ. երկամյա համագործակցության համաձայնագրով «Վերարտադրողական, մայրական, նորածնային, երեխաների և դեռահասների առողջություն» ծրագրային միջոցառումների շրջանակներում նախատեսված է ԱՀԿ փորձագիտական աջակցություն` երեխաներին և դեռահասներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղվ ած նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին։
Այդ առաքելությամբ Հայաստանում է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի երեխաների և դեռահասների առողջության ծրագրի ղեկավար Մարտին Վեբերը։ ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության աշխատակիցների, այդ խնդիրներով զբաղվող փորձագետների, ծրագրերի համակարգողների հետ հանդիպման ժամանակ միջազգային փորձագետի հետ քննարկվեցին Երեխաների և դեռահասների առողջության (ԵԴԱ) պահպանման ազգային նոր ռազմավարությունը և 2016-2020թթ. գործողությունների ծրագրի նախագիծը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը ներկայացրեց, որ ազգային նոր ռազմավարությունը մշակելիս մասնագետները հաշվի են առել երեխաների և դեռահասների շրջանում առողջական առկա խնդիրները, հիվանդացության և մահացության ցուցանիշները, ինչպես նաև այդ ոլորտին առնչվող միջազգային փաստաթղթերի դրույթները։
Քննարկվեցին նաև դեռահասների առողջության և դպրոցական առողջության ծառայություններին վերաբերող, ինչպես նաև երեխաների խնամքին և զարգացմանն առնչվող այլ հարցեր։
Անդրադարձ կատարվեց հանրապետությունում կազմակերպված դպրոցահասակ երեխաների առողջական վարքագծի հերթական հետազոտության (HBSC) արդյունքներին։
Հանդիպման առանցքում էին նաև երեխաների հիվանդանոցային օգնության բարելավման և մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման (ՄՀԻՎ) ռազմավարության հետագա ներդրման հետ կապված հարցերը։
Առաքելության ավարտին Մարտին Վեբերը կներկայացնի փորձագիտական գնահատման և հետագա զարգացումներին ուղղված ամփոփ առաջարկություններ։