Ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Ավստրիայում և Գերմանիայում
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Ավստրիայում և Գերմանիայում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Շրջագայության ընթացքում ՀՊՖՆ-ն հանդես կգա երեք համերգով և կներկայացնի տարբեր կոմպոզիտորների գործեր:
«Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա երկու երկրում: Շատ եմ կարևորում այս հյուրախաղերը»,- նշեց Թոփչյանը:
Շրջագայությունը կտևի հոկտեմբերի 4-11-ը: Ավստրիայում նվագախումբը հոկտեմբերի 5-ին և 6-ին կնվագի երկու համերգ: Այնուհետև հոկտեմբերի 10-ին երաժիշտները ելույթ կունենան Գերմանիայի Լյուբեկ քաղաքում:
«Հատկանշական է, որ գերմանական համերգի ընթացքում մենք նվագելու ենք դաշնակահար Անդրեաս Ֆրոյլիխի հետ և ներկայացնելու մեր համատեղ ձայնասկավառակը: Այն ձայնագրել է գերմանական Oehms Classics ընկերությունը: Ձայնասկավառակում ներառված են Մոցարտի գործերը»,- ընդգծեց Էդուարդ Թոփչյանը:
Նա հավելեց, որ նվագախումբը հաջորդ տարի ևս բազմաթիվ հյուրախաղեր է ունենալու տարբեր երկրներում: «Նվագախումբը մեծ աճ է արձանագրել վերջին տարիներին, որը ես կապում եմ ՀՀ նախագահի ուշադրության և մեծ աջակցության հետ»,- հավելեց Թոփչյանը: