Տեղի ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի երեք դասընթացների փակման արարողությունը
Общество«Սփյուռք» ամառային դպրոցի՝ «Երիտասարդ առաջնորդների», «Լրագրողների վերապատրաստում», «Ազգային երգ ու պարի վարպետություն» դասընթացների ունկնդիրները հուլիսի 15-ին նշեցին ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը: Արդեն հինգերորդ տարին անընդմեջ ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ իրականացնում է «Սփյուռք» ամառային դպրոց ծրագիրը:
Միջոցառմանը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանը դասընթացների մասնակիցներին հանձնեցին հավաստագրեր, իսկ լավագույններին ՝շնորհակալագրեր:
Հանդիսավոր արարողությանը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց դասընթացների ունկնդիրներին նրանց մասնակցության համար, հույս հայտնելով, որ նրանք կանեն ամեն ինչ, որպեսզի ստացած գիտելիքները և փորձը կիրառեն իրենց համայնքներում հայապահպանության, հայ երգն ու պարը, հայոց լեզուն պահպանելու և նոր սերնդին փոխանցելու համար: Սփյուռքի նախարարը հավատացած է, որ այստեղ նստած ունկնդիրները դառնալու են Սփյուռքի նախարարության դեսպանները իրենց համայնքներում: Հրանուշ Հակոբյանն իր և մասնակիցների անունից շնորհակալություն հայտնեց նաև ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանին, համալսարանի կոլեկտիվին, դասախոսներին, Մհեր Հովհաննիսյանին դպրոցի այս հատվածը բարձր մակարդակով անցկացնելու համար:
Հրանուշ Հակոբյանը անդրադառնալով «Սփյուռք» ամառային դպրոցի ձեռքբերումներին ասաց.
«Կարող եմ ասել, որ «Սփյուռք» ամառային դպրոց նախագիծը ընթացավ շռնդալից կերպով: Եթե առաջին տարին սկսում էինք 80 ունկնդրով, այսօր մոտենում ենք 300-ին: Սա խոսում է նրա տարածվածության և որակի մասին: Կարծում եմ ԵՊՀ-ում նման կառույց ստեղծելը մնայուն հաստատուն քայլ է: Սա տարածական է ամբողջ սփյուռքի համար, որպեսզի նրանք իմանան, որ կա նման դպրոց: Այստեղ ամբողջ հայապահպանական թեման է՝ լեզու, երգ ու պար, առաջնորդներ, լրագրողներ նաև համայնքային գործի կազմակերպիչներ: Նրանց հետ երեք շաբաթ աշխատելու արդյունքում, նրանք գիտելիքներ, փորձ, ընկերնե ր և շատ կարևոր է նաև նշել, որ նրանք ստացան վարպետության դասեր: Հայաստանյան շատ ու շատ երևույթներ դարձան նրանց սեփականը: Ես ուրախ եմ, որ այսօր մենք ճանապարհում ենք հերթական մեր շրջանավարտներին դեպի սփյուռք հայապահպանության,հայի տեսակը պահպանելու և ձուլման դեմ պայքարելու առաքելությամբ»:
Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու զորացմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի, կրթական գործի պատասխանատուների, ազգային երգ ու պարի խմբերի ղեկավարների որակավորման բարձրացմանը, Սփյուռքի ԶԼՄ-ների երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը, ինչպես նաև համայնքների ինքնակազմակերպմանն աջակցելու նպատակով ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ իրականացնում են « Սփյուռք» ամառային դպրոց ծրագիրը:
Այն անցկացվում է 5 ուղղություններով՝ «Հա յոց լեզվի արագացված ուսուցում», «Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում», «Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչներ», «Լրագրողների վերապատրաստում», «Ազգային երգ ու պարի վարպետություն»:
«Հայոց լեզվի արագացված ուսուցում», «Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում» դասընթացները ավարտվելու են հուլիսի 30-ին: