Իմ երգերը սև, մռայլ երգեր են, չնայած մեջը մի քիչ լույս կա. Ռուբեն Հախվերդյանը` նոր ձայնասկավառակի անվան, ժանրի, իրեն լսողների ու աջակցողների մասին
-Պարո ՛ն Հախվերդյան, նոր ձայնասկավառակի մասին տեղեկություններ կան, բայց մանրամասներ չկան: Ի՞նչ կատարումներ են ընդգրկված ձայնասկավառակում:
-Աշխատում եմ ջազային երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանի հետ, ինքն է ինձ օգնում: Հիմա ես էլ չեմ հասկանում` ե՞ս եմ ներկայացնում Վահագն Հայրապետյանին, թե՞ Վահագն Հայրապետյանն` ինձ: Այս նոր ձայնասկավառակում ընդգրկված են իմ ջազային կատարումները:
-Բացառապես ջազայի՞ն կատարումներ են, թե՞ մեզ ծանոթ քաղաքային ֆոլկլյորն ենք լսելու:
-Շատ բազմաժանր է` ռոք, ջազ ու ֆոլկլյորիային երաժշտություն է ներառված աշխատանքում: Շատ տարողունակ աշխատանք է, տարողունակ և հետաքրքիր:
Աշխատանքներն իրականցվում են իմ բարեկամների, մտերիմների աջակցությամբ: «Տաշիր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանն է աջակցել, Գագիկ Ծառուկյանը: Շատ ուրախ եմ, որ մարդիկ կան, ովքեր ինձ օգնում են:
-Իսկ ինչո՞ւ հենց ջազային կատարումներ:
-Որովհետև ես սիրում եմ ջազ ու ջազային երգեր, իսկ շատերը մինչև հիմա այդ մասին չգիտեն…
-Ինչպե՞ ս է կոչվելու նոր ձայնասկավառակը:
-«Սև CD»:
-Ինչո՞վ է պայմանավորված նման հետաքրքիր անվանումը:
-Իմ երգերը սև, մռայլ երգեր են: Չնայած այդ երգերի մռայլությանը, ես կարծում եմ, մեջը մի քիչ լույս կա: Թունելի վերջում լույս կերևա:
-Համացանցի լայն տիրությում և այս ժամականաշրջանում ի՞նչ է տալու երգչին ձայնասկավառակի թողարկումը և ի՞նչ նպատակ ունի Ձեր` այսքան տարբերվող ձայնասկավառակը:
-Ճիշտ ասած ձայնասկավառակը չի թողարկվում վաճառվելու նպատակով: Այս համացանցային տիրույթում պարզապես իմաստ չունի որևէ աշխատանք թողարկել միայն վաճառքի նպատակով: Ես ցանկանում եմ, որ մարդիկ լսեն այդ երգերը: Ես մի բան էլ բոլորովին վերջերս զգացի` մարդիկ հուսահատ պահերին իմ երգերն են լսում, այդ երգերը բուժել են, օգնել են մարդկանց: Նրանք հիվանդ պահերին լսել ու առողջացել են: Այ սրա համար այս նոր ձայնասկավառակը անհրաժեշտ է: Ես չեմ ուզում, որ ինձ լսողներն ինձնից դժգոհ մնան: Ես պատրաստում եմ ձայնասկավառակներ, որովհետև զգում եմ, որ մարդիկ ուզում են լսել այդ երգերը: Ինչպես եղավ «0-ից 100 տարեկան երեխաների համար» ձայնասկավառակը: Ինչո՞ւ ստեղծեցի այդ ձայնասկավառակը, որ հայերենը պահպանվի:
Հիմա այդ ձայնասկավառակը վաճառքում չկա, իսկ Կարեն Կարապետյանը խոստացել է, որ այն նորից կթողարկվի և ոչ միայն որպես ձայնասկավառակ, այլ նաև տեսասկավառակ և կառաոկե տարբերակներով, որպեսզի երեխաները նաև երգեն:
- Մոտավորապես ե՞րբ պատրաստ կլինի «Սև CD»-ն:
-Հստակ չեմ կարող ասել, թե երբ պատրաստ կլինի: Չեմ կարող ասել, կարծում եմ երեք ամսում կվերջացնեմ, բայց սա ծանր աշխատանք է, ձայնագրման աշխատանքներ են…կախված հանգամանքներից:
Բեթղեհեմ Արաբյան