Այլընտրանքային «հայրենասիրություն»
АналитикаՍեփական իշխանություններին չընդունելը, նրանց քննադատելը որևէ աղերս չունի զենք վերցնելու և նույն այդ իշխանությունների դեմ զինված «ապստամբություն» կազմակերպելու և ոստիկանության գումարտակ գրավելու հետ: Սա ընդամենն օրենքի կոպիտ խախտում է՝ հղի բազմաթիվ այլ վտանգներով: Իրականում, ծիծաղելի է անգամ մտածելը, որ Հայաստանում հնարավոր է ապստամբություն կամ հեղաշրջում կազմակերպելը: Մյուս կողմից՝ հայրենասիրությունից դրդված նման որևէ գործողություն չի կարող ընդունելի լինել ադեկվատ ցանկացած քաղաքացու համար:Այլ հարց է, թե իրականում ինչ կարող է թաքնված լինել երկիրը տակնուվրա անելու շղարշի տակ:
Ինչ վերաբերում է քաղաքական հալածյալ ներկայանալու և այս կամ այն երկրի կողմից ապաստան հայցելու համար որոշ իրական փաստեր ձեռքի տակ ունենալուն, ապա դա բոլորովին այլ հարց է և դա դեռ հարկավոր է հյուսել: Մեկն ընտրում է Ադրբեջանից ապաստան խնդրելու տարբերակը, մյուսը՝ մեկ այլ՝ ավելի հոգեհարազատ սցենար է ընտրում, բայց իրականում դրա նպատակը սեփական հավակնությունները բավարարելն է և սեփական անձնական նախասիրություններից ելնելով ցանկալի արդյունքի հասնելը:
Ի դեպ, վերջին օրերին ակտիվ շրջանառության մեջ դրված հողերը հանձնելու մասին հեքիաթները նույնպես բավական զավեշտալի էին թվում: Եվ տպավորությունն այնպիսին էր, որ ինչ-որ ուժեր իրենց ողջ ռեսուրսը կենտրոնացրել են այդ հարցը շահարկելու միջոցով հասարակության մեջ խուճապային իրավիճակ առաջացնելու համար: Պատկերացրեք՝ ստացվում էր, քանի որ դրան անդրադարձան գրեթե բոլոր քաղաքական վերլուծաբանները: Բայց մեկ բան հասկանալի չէր, թե ով և ինչու էր շտապում «հողերը հանձնելու» միջոցով հասարակության շրջանում առկա հիասթափությունն ավելի մեծացնել և իշխանությունների հանդեպ ատելությունն ավելացնել: Այդ ճանապարհին չանտեսվեց նույնիսկ բանակցային սեղանին «դրված» փաստաթղթի տեքստը համացանցում տարածելու փորձը, որը որոշ միամիտներ որպես հայտնություն ընկալեցին և սկսեցին ոչ միայն դրան լուրջ վերաբերել, այլև քննարկել դրանում տեղ գտած որոշ կետեր՝ առանց հաշվի առնելու, որ դրանք կարող են ընդամենը ինչ-որ մեկի մտքի թռիչքը լինել և ոչ ավելին: Մեկ դիտարկում ևս: Զարմանալի զուգադիպությամբ հայկական խռովությունները սկսվեցին թուրքականից ընդամենը մի քանի օր անց: Անշուշտ, այստեղ դժվար թե որևէ կապ լինի, բայց տպավորությունն այնպիսին է, որ որոշ «քաղաքական գործիչներ» հարևան երկրում տեղի ունեցածով ոգեշնչված, հավանաբար որոշել են հետ չմնալ աշխարհից և ինչ-որ ձևով հայտնվել միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Բայց այդ ամենի համար հարցականի տակ դնել ողջ երկրի անդորրը, ընդունելի չէ և ավելի լավ կլիներ, որ հայրենիքի հզորացմամբ և ապահով ապագայի համար պայքարողները ընտրեին ոչ թե երկիրն ապակայունացնելու ճանապարհը, այլ ավելի առողջ պայքարի ճանապարհը, որն ավելի օգտակար կլիներ երկրի առողջացման համար: Այ, դա կլիներ իսկական հայրենասիրություն:
Ա. Գրիգորյան