«Ոսկե ծիրան»-ի կազմակերպիչներն ու ժյուրիի անդամներն ամփոփեցին անցած կինոփառատոնի ձեռքբերումները
Культура«Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնն ավարտված է: Այդ կապակցությամբ փառատոնի կազմակերպիչներն ու ժյուրիի անդամները ասուլիսի ընթացքում ամփոփել են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի արդյունքներն ու կատարած աշխատանքը:
Ոջույնի խոսքից հետո կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը հայտնեց, որ այս տարվա պատվավոր հյուրը` անգլիացի դերասանուհի Ժակլին Բիսեթն այսօր հեռանում է Երևանից:
Ժյուրիի նախագահ, մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշեց, որ «Ոսկե ծիրան» կինփառատոնը շատ բարձր մակարդակ է ապահովում: «Այս ընթացքում մենք ծանոթացանք ոչ միայն շատ լավ ֆիլմերի, այլև ժյուրիի անդամների ու կինոյին նվիրված մարդկանց հետ»,- ասաց մաեստրոն՝ հավելելով, որ դա կինփոռատոնի մեծագույն ձեռքբերումներից է:
Ժյուրիի անդամ, գերմանացի կինոռեժիսոր և օպերատոր Ֆրեդ Քելեմենն ընդգծեց, որ համաձայն է Տիգրան Մանսուրյանի այն կարծիքի հետ, որ փառատոնը շատ հետաքրքիր և համագործակցային ոգով է անցել: «Մենք մանրազնին դիտեցինք բոլոր ֆիլմերը, և քննարկումների մակարդակը շատ ավելի խորն էր, քան պարզապես այս կամ այն ֆիլմը հավանել-չհանավելը»,- նշեց Քելեմենը:
Ժյուրիի անդամներից ֆրանսիացի ռեժիսոր Պիեր Լեոնն իր հերթին ասաց, որ ժյուրիի բոլոր անդամները շատ տարբեր էին, և նրանց հետ աշխատելը բավական հետաքրքիր էր: «Ես նույնիսկ զարմացա, որ մենք այդքան հեշտությամբ որոշում կայացրինք` հաղթող ֆիլմերի ըտրության հարցում»,- ավելացրեց Լեոնը: Նա նաև ընդգծեց, որ չունի որևէ մրցանակ, բայց ուրախ է, որ հնարավորություն ունեցավ շնորհել դրանք ուրիշներին:
«Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթի ժյուրիի անդամ Մարինա Ալեսն իր հերթին նշեց, որ դժվար էր լինել ժյուրիի միակ հայը: Նրա համար շատ կարևոր էր լսել օտար մասնագետների գնահատականներն ու կարծիքները հայկական կինոյի վերաբերյալ:
«Ֆիլմն այնպես պիտի խոսի իր հողի անունից, որ ուրիշ հողի բնակիչ էլ «կարդա»: Սա բարձրագույն նպատակն է կինոյում և գուցե խնդիր մեր կինոյի համար»,- խոսելով «Բալերի անուններ» ֆիլմի մասին՝ ասաց կինոգետ Դավիթ Մուրադյանը:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանն այս տարվա փորձությունը հաղթահարված է համարում: Նա նշեց, որ ընտրված բոլոր ֆիլմերն ի սկզբանե նպատակ են ունեցել ներկայացնելու հասարակ մարդկանց պատմությունները ժամանակի մեջ: