Արցախի Մարտակերտի զորամասի բուժկետի պետ ներկայացած կինը նշյալ հաստատության հետ որևէ կապ չունի
ОбществоՀամացանցում տարածում գտած տեսանյութի կինը, ով ներկայացել է Արցախի Մարտակերտի զորամասի բուժկետի պետ, իրականում ապրում է Երևանում և ունի առողջական խնդիրներ:ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Մի տեսանյութ է տարածվել, որ տեղ Արցախի Մարտակերտի բուժկետի պետ ներկայացող կինը բողոքում է, թե Երևանում ոստիկանները բռնել են իրեն, պոկել ուսադիրներն ու խլել սվին-դանակը, այն դեպքում, երբ ինքը ընդամենը «հիվանդ զինվոր էր բերել հոսպիտալ»: Մի կողմ թողնենք, որ դաշտային համազգեստը ուսադիրներ չունի, ու նաև՝ բուժծառայողները սվին-դանակ չեն կրում: Սա թողնենք լրագրողի իմացությանն ու պրոֆեսիոնալիզմին: Հարցը այլ է ու շատ ավելի կարևոր: Բանն այն է, որ Մարտակերտի բուժկետում Գայանե Միլլերի Ավետիսյան անուն-ազգանունով անձնավորություն գոյություն չունի»,-գրել է Ահարոնյանը:
Նրա տեղեկացմամբ` այդ կինը Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ է` ծնված 1979 թվականին և ունի առողջական խնդիրներ: «Ըստ մեր հավաստի տեղեկությունների՝ ապրիլի մարտական գործողությունների ժամանակ էլ նա Արցախի տարբեր բնակավայրերում ներկայացել է որպես ՀՀ երկրապահ կամավորական միության անդամ, հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայող և այլն: Նույն ժամանակահատվածում հայտնվել է Արցախի իրավապահների տեսադաշտում: Կարծում ենք բավարար տեղեկատվություն է հիշյալ կնոջ և կատարվածի մասին իրական պատկերացում կազմելու համար: Բայց կա մի խնդիÖ € ևս. սոցցանցերում տարածված այս ակնհայտ ապատեղեկատվությունը հերթական օղակն է անթաքույց քարոզչական շղթայի, որ երեկվանից ոմանք բուռն ծավալել են մայրաքաղաքում տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունների ֆոնին: Իհարկե, ցանկացած ապատեղեկատվություն չափազանց կարճ կյանք է ունենում, բայց այդ ընթացքում հասցնում է մարդկանց մոլորության մեջ գցել, իսկ պղտոր ջրում ձուկ բռնել ցանկացողների պակաս չկա: Հատկապես այս օրերին, մեղմ ասած, տգեղ է նման գործելակերպը»,-ավարտել է ոստիկանության ներկայացուցիչը:
Այս առնչությամբ հայտարարություն է տարածել նաև ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հայտարարության մեջ ասվում է.
«Համացանցում Մարտակերտի զորամասի բուժկետի պետ ներկայացած անձնավորությունը, ով 1979թ. ծնված Գայանե Միլլերի Ավետիսյանն է, պաշտպանության բանակի շարքերում երբևէ չի ծառայել և չի ծառայում:
Զանգվածային լրատվության միջոցներից խնդրում ենք բանակի հետ կապված տեղեկատվություն տարածել դրա հավաստիությունը համապատասխան ծառայության հետ ճշտելուց հետո»: