ՀՀ ոստիկանությունն ուսումնասիրում է բռնություն կամ անհամաչափ ուժի կիրառման մասին ցանկացած հաղորդում
ОбществоՉկա մի հրապարակում, որ ոստիկանությունը բռնություն կամ անհամաչափ ուժ է կիրառել, և դրանով ուսումնասիրություն կամ ծառայողական քննություն չլինի:Այս մասին հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Ցանկացած հրապարակում և հաղորդում ուսումնասիրության թեմա է եղել: Ծառայողական քննություն կա նշանակված: Դավիթ Սանասարյանը հուլիսի 19-ին եկել է ներքին անվտանգության վարչություն, և լսել են իրեն: Չկա մի հրապարակում, որ ոստիկանությունը բռնություն կամ անհամաչափ ուժ է կիրառել, և դրանով ուսումնասիրություն կամ ծառայողական քննություն չլինի: Չկա նման դեպք: Այլ հարց է, որ որոշ մարդիկ անհամբեր են, թերահավատ են, կամ ևս մեկ անգամ ուզում են ինչ-որ բան իմասին բարձրաձայնել, դրա համար զուտ շտապողականություն են ցուցաբերում»,- ասաց Ահարոնյանը` ևս մեկ ա նգամ հայտնելով, որ ոստիկանությունն ուսումնասիրում ու ծառայողական քննություն է նշանակում ցանկացած հաղորդման դեպքում` անկախ նրանից, թե առերևույթ դա արժանահավատ է թվում, թե` ոչ:
«Կան անձինք, որ դրանից ավելի են պահանջում, դա նրանց իրավունքն է, սակայն դա ոստիկանության գործառույթներից դուրս է»,- ընդգծեց նա:
Ահարոնյանը հորդորեց նաև լրատվամիջոցներին հրապարակել միայն ճշտված տեղեկություններ: «Կարելի է 10 րոպե հետո լրատվությունը թողարկել, բայց թող դա լինի ճշտված, ստուգված, պաշտոնական աղբյուրներից հաստատված կամ հերքված: Իրավիճակն աննախադեպ է, սովորական չէ, եկեք մեր մոտեցումն էլ պահենք այնպես, որ լրագրության էթիկայի կանոնների մեջ լինեն»,- ասաց նա: