Մտավորականները Երևանում ստեղծված իրավիճակի լուծումը տեսնում են միայն օրենքի շրջանակներում
ОбществоՕրերս Ժիրայր Սեֆիլյանին կոչ ուղղած մտավորականները հուլիսի 17-ի զինված հարձակումից հետո ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը տեսնում են բացառապես օրենքի շրջանակներում: Նրանք համոզված են` եթե այս խնդիրը լուծվի ոչ օրինական ճանապարհով, այն պարզապես կտեղափոխի մի արժեքային համակարգ, որտեղ մարդկային կյանքն ու օրենքը արժեք չունեն: Իրենց ուղերձը ևս մեկ անգամ հասարակությանը ներկայացրին ՀՀ արվեստի վաստա կավոր գործիչ, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը և գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը հուլիսի 22-ին հրավիրված ասուլիսում:
Բաբայանը համոզված է, որ պետք է բացառել արյունահեղությունը, իսկ նամակը ուղղված է եղել հենց Ժիրայր Սեֆիլյանին և ոչ իշխանություններին, քանի որ իրենք զրկված են Ժիրայր Սեֆիլյանի հետ բոլոր տեսակի շփումներից և միակ ձևը նամակն էր: Նա երբևէ կաշկանդված չի եղել իշխանությանը որևէ բան ասելուց և կարծում է, որ այս ամենի լուծումը պետք է բոլոր դեպքերում առաջարկեն իշխանությունները: Նրա խոսքով` բանակցությունները պետք է լինեն գաղտնի:
«Միակ խնդիրը, որ դրվել է նամակում, դա այն է, որ չլինի արյունահեղություն, չլինեն զոհեր: Ասել եմ, որ պատրաստ եմ ստորագրել ուզած նամակի տակ, որի նպատակը կլինի սա: Եթե որևէ կողմ այդ լուծման արդյունքում իրեն զգա պարտված կարծում եմ, մենք չենք կարողանա խուսափել արյունահեղությունից: Պետք է լինի այնպիսի լուծում, որ բավարարի երկու կողմերին էլ և լինի օրենքի սահմաններում»,- ասաց Բաբայանը, ով խնդրի լուծման մեկ այլ տարբերակ ևս առաջարկում է. օրենքը խախտած քաղաքացիներին ոչ թե դ ատապարտել, այլ տալ հնարավորություն ռազմի դաշտում իրենց արդարացնելու: Նրա կարծիքով` այս պարագայում սա կարող է լինել լուծում, հնարավորություն տալով զինված խմբին պատերազմի դաշտում քավել մեղքերը: Ըստ նրա` Արցախում այդ խումբը իրեն լավագույնս կդրսևորի:
Մերուժան Տեր-Գուլանյանն ասաց, որ Պավլիկ Մանուկյանին շատ լավ ճանաչում է և եղել է ժամանակաշրջան, երբ նույնիսկ մտերիմ են եղել: «Այսօր ես ուզում եմ Պավլիկին դիմել։ Պավլի՛կ, դու ինձ հիշում ես, և Գարունի ամբողջ կազմով քո մոր և քույրիկի ձեռքից հաց ենք կերել, բազմաթիվ անգամ ենք նստել իրար հետ և վեր կացել, ուզում ես հին ընկեր համարի, ուզում ես ծանոթ համարի, ես խորհուրդ եմ տալիս՝ հանձնվե՛ք օրենքին, զենքը հանձնեք, ազատ արձակեք պատանդներին, խնայեք ոչ միայն պատանդների, այլ նաև Ձեր կյանքը»,-ասաց նա և նշեց, որ այնպես է ստացվել, որ ազատամարտիկը պետությանը դեմ է դուրս եկել:
Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը: