«Դեռ ժամանակ ունեք». ԱԱԾ-ն զինված խմբի անդամներին կոչ է արել վայր դնել զենքն ու հանձնվել իշխանություններին
ОбществоՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք խուժած զինված խմբի անդամներին հուլիսի 25-ին կոչ է հղել` այն հասանելի դարձնելով նրանց: Այն հրապարակել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Կոչում նշվում է, որ հուլիսի 17-ից մինչև այսօր գնդի տարածք մուտք գործածները կատարել են մի քանի հանցագործություններ, որոնց համար նրանց կարող է սպառնալ մինչև 15 տարի ազատազրկում: Սակայն նրանք ժամանակ ունեն շտկելու իրավիճակը, կամովին հանձնվելու: Զինված խմբի բոլոր անդամներին մեկ անգամ ևս հորդորել են դրսևորել ողջամտություն և վայր դնել զենքն ու հանձնվել իշխանություններին:
«Դուք դրա համար դեռ ժամանակ ունեք:
Այս առաջարկն ընդունողները պետք է կատարեն հետևյալ գործողությունները.
- Դուրս գալ անցագրային կետից
- Զենքը պահել գլխավերևում և թեքվելով աջ առաջանալ 50 մետր
- Շինանյութի խանութի հարակից տարածքում տեղադրված հովանոցների մոտ վայր դնել բոլոր զենքերը
- Ճանապարհի կենտրոնական մասով առանձին-առանձին մոտենալ ոստիկանության ծառայողներին»,-նշված է կոչում:
