Արեւից չպաշտպանվելը հետագայում կարող է հանգեցնել մաշկային լուրջ խնդիրների. մաշկաբան
ОбществоՄաշկաբանը խորհուրդ է տալիս արևապաշտպան քսուքներ օգտագործել ոչ միայն հանգստի մեկնելիս, այլ ցանկացած պահի արևի տակ գտնվելու դեպքում: «Որքան էլ իրազեկված լինենք արեւի վտանգավոր ազդեցության մասին, միեւնույնն է, արեւապաշտպան քսուքը Հայաստանում ավելի շատ ասոցացվում է միայն առողջ եւ հավասար արեւայրուքի հետ: Մենք սովորություն չունենք արեւից պաշտպանվելու: Միայն այն ժամանակ ենք պաշտպանվում, երբ մեկնում ենք հ անգստի, սակայն այդպես չպետք է լինի: Մաշկը պետք է խնամել անընդմեջ, ամեն եղանակին՝ թե ձմռանը, թե ամռանը: Արեւի ազդեցության տակ հատկապես դրա պահանջը ավելի է մեծանում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը:
Մասնագետի խոսքով՝ արեւից պաշտպանվելու ամենապարզ միջոցը հենց արեւային քսուք օգտագործելն է, ինչի պակաս հայաստանյան շուկայում չկա:
«Այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում քսուք ընտրելիս անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ քսուքների ազդեցության որակը, տեսակները տարբեր են լինում: Առհասարակ, քսուքներ պետք է օգտագործեն այն մարդիկ, ովքեր օրվա ընթացքում բավականին հաճախ եւ երկար ժամանակով են լինում արեւի տակ»,-նշեց Հովհաննես Հովհաննիսյանը:
Մաշկաբանը զգուշացնում է, որ արեւից չպաշտպանվելը հետագայում հնարավոր է՝ հանգեցնի մաշկային լուրջ խնդիրների:
«Խրոնիկ մաշկային խնդիրներ ունեցող մարդկանց մոտ ցանկացած մաշկային գրգռում կարող է բերել հիվանդության սրացման: Այրվածքը մաշկի բորբոքում է համարվում, որը առողջ մարդկանց մոտ էլ բազմաթիվ մաշկային խնդիրների պատճառ կարող է հանդիսանալ, ինչպես նաեւ նպաստել նախաքաղցկեղային վիճակի առաջացնմանը: Արեւից, իհարկե, վախենալ կամ խուսափել պետք չէ, սակայն արեւից օգտվելու կանոններին պետք է շատ լավ տիրապետել, որովհետեւ առաջին հայացքից անվտանգ է թվում, սակայն կարող է ունենալ լուրջ հետեւանքներ»,-ընդգծեց Հովհաննես Հովհաննիսյանը:
«Արմենպրես»-ի այն հարցին, թե արդյոք այս ժամանակահատվածում արեւի ճառագայթների ազդեցությունից առաջացած մաշկային խնդիրներով հաճախ են դիմում մաշկաբաններին, նա պատասխանեց.
«Դեռ չեն սկսել դիմել, սակայն օգոստոսի կեսերին մենք պատրաստ սպասում ենք, քանի որ հատկապես այդ ժամանակահատվածում են ավելի հաճախ դիմում: Գալիս են եւ՛ արտերկրում հանգիստն անցկացրած մարդիկ, եւ՛ մեզ մոտ՝ օրինակ՝ Սեւանում: Այնուամենայնիվ, կարող եմ փաստել, որ գնալով նման խնդիրներով դիմողների թիվը պակասում է միանշանակ իրազեկվածության բարձրացման շնորհիվ: Պակասում է, սակայն չի ավարտվում, որովհետեւ, միեւնույնն է, արեւային քսուքները մենք ավելի շատ օգտագործում ենք հանգստի մեկնելիս»,- եզրափակեց Հովհաննես Հովհաննիսյանը: