Լռությունը կարող է նոր հանցանքներ ծնել
АналитикаՊՊԾ գունդը զենքի ուժով գրավելուց հետո անմիջապես սկսվեց տեղեկատվական «պատերազմ» և հասարակության մեջ կամաց-կամաց սկսվեց «ներդրվել» ՀՀ նախագահի հրաժարականի պահանջի շուրջ կրիտիկական մասսա հավաքելու գործընթացը:
Պարզ է, որ ներքին ռեսուրսները չէին կարող բավարարել երկիրը ապակայունացնող որևէ սցենար ներմուծելու և այն իրականացնելու համար, ուստի հասկանալի է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակի պատվիրատուներն ամենայն հավանականությամբ դրսի ուժեր են:
Այն, որ դրսից ստացվող պատվերի պակաս Հայաստանում երբեք էլ չի եղել, հայտնի փաստ է: Դրանք կատարողներ էլ երբեք դժվար չի լինում տեղում գտնել, իսկ թե ինչու է այդքան անհրաժեշտ անկառավարելի իրավիճակ ստեղծել Հայաստանում, դա էլ դժվար չէ կռահել: Մնում է հասկանալ, թե այս առևտրի ժամանակ քանի սովորական մարդու կյանք է դրված «զոհասեղանին»:
Եթե անկեղծ, ապա իրականում իշխանություններից բողոքողներ որքան ուզեք կան, բայց դրանցից քանի՞սն են պատրաստ զենքի ուժով այս կամ այն շենքը գրավել, խաղաղ բնակիչների կյանքին ու գույքին վտանգ սպառնալու գնով խուճապային իրավիճակ առաջացնել, հարց է:
Դեռևս մեկ տարի առաջ, երբ հասարակությունը ոտքի կանգնեց և սկսեց պայքարել հոսանքի թանկացման դեմ, չգիտես որտեղից ծլեցին մարդիկ, որոնք ցանկացան այդ շարժումը սեփական շահերին ծառայեցնել: Ռուսական լրատվամիջոցներն էլ շտապեցին այն «հայկական մայդան» անվանել, որը իրականում որևէ աղերս չուներ իրականության հետ: Բայց այդ մեսիջը բավական էր հասկանալու համար, որ դրսից ակտիվ աշխատում են երկիրը ապակայունացնելու համար:
Այդ ժամանակ, բարեբախտաբար, Հայաստանի ապակայունացման մասին երազող ուժերին այդպես էլ չհաջողվեց ժողովրդի արդար ընդվզման ալիքն ի շահ իրենց օգտագործել և փաստորեն մտածվեց նոր սցենար, որն այս օրերին արդեն կյանքի է կոչվել:
Նոր արյունահեղությունն անշուշտ կավելացնի հասարակության դժգոհությունը իշխանությունների հանդեպ, առավել ևս, որ իշխող քաղաքական կուսակցության և գործիչների գործողությունները փնովողների պակաս չկա: Այս ֆոնի վրա զգոնության ցանկացած կոչ նույն այդ հասարակության կողմից ընկալվում է որպես դավաճանություն սեփական ազգի և ժողովրդի հանդեպ: Բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ պետք է ձեռքերը ծալել ու սպասել իրադարձությունների ինքնամարման միջոցով հանգուցալուծմանը:
Այս պահին միայն արձանագրենք, որ երկիրն ապակայունացնելու պատվերն իրականացված է, իսկ մնացածն ինչպես ասում են ձնագդի էֆեկտով հնարավոր է «ստանալ»: Ու որպեսզի այս անգամ նույնպես վիճակն ավելի ապակայունացնելու փորձերը հնարավոր լինի անվտանգ ձևով կասեցնել, իշխանությունները պետք է չխախտեն համաչափության սկզբունքը և տեղեկատվական պատերազմում տանուլ չտան և ժողովրդի աչքի առջև հստակ քայլեր ձեռնարկեն ներիշխանական թալանի դեմը հրապարակավ առնելու համար: Ինչ վերաբերում է դասեր քաղելուն, ապա դա պետք էր ժամանակին անել: Հիմա արդեն դրա ժամանակն անցել է:
Բացի այդ, մարդկանց պետք է բացատրել, թե ինչն-ինչոց է և ոչ թե բերանը ջուր առած սպասել հրաշքի: Դեմ լինելով թայֆայական ցանկացած դրսևորմանը՝ շեշտենք, որ իրականում մեկ բան հստակ է՝ ժողովրդի համբերության բաժակը վաղուց լցվել է, բայց իշխանությունները այդպես էլ չեն կարողանում «պետք է»-ից կոնկրետ գործով ապացուցել, որ ազնվորեն պայքարում են երկիրը թալանողների, կոռուպցիայի և այլ արատավոր երևույթների դեմ:
Սա հենց այն է, ինչին արդեն 25 տարի սպասում է ժողովուրդը և վաղուց ժամանակն է, որ իշխանությունները կոնկրետ քայլերով ցույց տան, որ պայքարում են երկիրը սեփական բոստանի վերածած ցանկացած երևույթի և ոչ թե սեփական երկրի աղքատ ժողովրդի դեմ, ով անճարակությունից ելել է փողոց:
Արմինե Գրիգորյան