Եթե այսպես շարունակվի, ապա մենք անընդհատ ցնցումների մեջ ենք լինելու. Ա.Սարգսյան
ИнтервьюՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը, թեև չգիտի, թե «Սասնա ծռերի» մեջքին ինչ ուժեր են կանգնած, սակայն Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ երկրի տարածքով հետաքրքրվող գերտերությունները և թշնամիներն այս առիթը բաց չեն թողնի, որպեսզի օգտվեն ներկայիս իրավիճակից:
Նա նաև դժվարացավ պատասխանել այն հարցին, թե այս պահին երկրի ներքաղաքական կյանքին միջամտելու մեսիջներ կամ այդպիսի ցանկություն տեսնո՞ւմ է, թե՞ ոչ:
- Այնուամենայնիվ, այս գիշեր նրանք փորձել են դուրս գալ ՊՊԾ տարածքից, մեքենա են վարել, փորձել են մոտենալ ոստիկանների կառուցած արգելապատնեշին: Ձեր կարծիքով՝ դա ի՞նչ կարող է նշանակել:
- Ես ոչ մի կապ չունեմ նրանց հետ և չեմ կարող ասել, թե զինված խմբի անդամներն ինչ են մտածում այդ ուղղությամբ, բայց այս պահին բանակցությունների կարիք կա: Կարծում եմ, որ շատ ինտենսիվ բանակցություններ են ահրաժեշտ, և իշխանությունները պետք է վերջապես հասկանան, որ երկրում փոփոխություններ իրականացնելու պահանջը միայն այդ խմբի պահանջը չէ: Դա ժողովրդի շատ մեծ ծավալ ընդգրկող մասսայի բողոք է, որը տարիներ շարունակ կրկնվում է: Մարդիկ պահանջում են արմատական փոփոխություններ իրենց ներքին կյանում:
Եթե դա չի արվում, այդ փաստարկներն անընդհատ կկրկնվեն: Սա է մեր դիրքորոշումը: Եվ այդ է պատճառը, որ մենք առաջարկել ենք, որ իշխանությունը հասարակության հետ գնա բաց երկխոսության, որոնք դրված են և՛ քաղաքական ուժերի, և՛ հասարակական շարժումների, և՛ ժողովրդի օրակարգում:
Պետք է լիցքաթափվի այս լարվածությունը, և եթե երկխոսություն չլինի, անընդհատ այսպիսի լարված իրավիճակ կլինի: Բոլորն էլ հասկանում են, որ նորմալ պետությունում զենքով որևէ փոփոխություն չեն անում, կամ մարդկանց հետ զենքը ձեռքին բանակցություններ չեն վարում: Ես կարծում եմ, որ այստեղ ավելի շատ հասարակության հետ է պետք վարել բանակցությունները և այդ դեպքում, եթե հասարակությունը բավարարվի արդյունքներով, իրավիճակն ինքնին կհանգուցալուծվի:
- Ժողովրդական շարժմանը, անհատ ակտիվիստներից բացի, այսօրվանից միացել է նաև կուսակցություն: Հնարավո՞ր է, որ ՀԴԿ-ն նույնպես միանա շարժմանը:
- Ես չգիտեմ՝ ով ինչ դրդապատճառներով ինչ է որոշել, բայց ես տեսնում եմ կազմակերպիչների տրամադրվածությունը: Նրանք կարծում են, որ կուսակցություններն առանձնապես չպետք է խառնվեն ստեղծված իրավիճակին և անհատներին են դիմում:
Ես չէի ուզենա այս պահին մի նոր բանավեճ բարձրացնել այս հարցի շուրջ: Մեր կուսակցությունն ունի իր դիրքորոշումը և դա հստակ ներկայացրել է: Դրանով այս պահին մենք կբավարարվենք:
- Այսօր արդեն տասներորդ օրն է, ինչ «Սասնա ծռերը» գրավել է ՊՊԾ գնդի տարածքը: Ձեր կարծիքով՝ իշխանություններն ինչու բաց երկխոսություն չեն սկսում հասարակության հետ:
- Նոր չէ, որ իշխանությունները որոշակի պնդաճակատություն են ցուցաբերում: Կուտակված հարցեր կան և խնդիր կա այդ կուտակված հարցերին պատասխանելու: Եվ եթե այսպես պետք է շարունակվի, ապա մենք անընդհատ այսպիսի ցնցումների մեջ ենք լինելու: Բացահայտ է մեկ բան, որ այսօր երկրի ֆինանսական վիճակը շատ ծանր է:
Բոլորը հասկանում են, որ տնտեսական զարգացման իրական քայլերը պետք է կյանքի կոչվեն: Հազար հարցեր կան, նորից չկրկնվենք: Դրանք բազմիցս ներկայացրել ենք իշխանություններին, և եթե երկխոսության ճանապարհով չեն գնալու, ուրեմն կնշանակի, որ հերթական անգամ փորձում են հաստատել, որ իրենց ճանապարհն է ճիշտը:
- Դա ավելի չի՞ լարի իրավիճակը:
- Ես կարծում եմ, որ իշխանությունները պետք է նախաձեռնությունը վերցնեն իրենց ձեռքը: Իշխանությանն այսօր դա է անհրաժեշտ: Իրոք, որոշակի համակարգային փոփոխություններ պետք է կա՛մ սկսեն, կա՛մ էլ երաշխավորեն, որ կսկսեն:
Կարծում եմ, որ ընտրությունները, որոնք պետք է կայանան, պետք է նոր կարգավիճակով ընթանան, որպեսզի մարդիկ համոզված լինեն, որ ընտրություններով կարելի է արդյունքի հասնել: Երկրորդ՝ պետք է իրոք սահմանադրական կարգին հետևող գործընթաց զարգանա: Եվ եթե հակառակ բանն է լինելու, ուրեմն կնշանակի, որ նորմալ պետություն չենք:
Արմինե Գրիգորյան