Ղազախ կինոռեժիսորը հայերին հորդորում է ցուցադրել ազգային կենցաղը
Ծաղկաձորում անցկացվող «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնին մասնակցում է ղազախ ռեժիսոր Շարիֆա Ուրազբաևան, ով մասնակցել է նաև «Ոսկե ծիրանին»: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնի աշխատակազմից, նա նշել է, որ ղազախների և հայերի միջև ընդհանրությ ուն կա` երկուսն էլ հյուրասեր և ջերմ ժողովուրդ են: «Հայաստանը, Երևանն իմ երկրորդ տունն է դարձել»,- ասել է նա:
Շարիֆան ընդգծել է, որ գոհ է նաև փառատոնի կազմակերպվածությունից և բովանդակությունից: «Կինոփառատոնը կազմակերպված է բարձր մակարդակով. շատ ջերմ է վերաբերմունքը մասնակիցների նկատմամբ, ճիշտ է արված ֆիլմերի ընտրությունը` խաղարկային, վավերագրական, անիմացիոն, բնականաբար, հասուն են նաև կինոդիտումներին հաջորդած քննարկումները: Ես կցանկանայի ևս մեկ անգամ և շատ անգամներ Հայաստանում լինել»,- նշել է նա:
Շարիֆան անկեղծացել է և ասել, որ իրեն դուր է եկել հայ ռեժիսորներից հատկապես Անդրանիկ Հարությունյանի «Արտ հոթել» ֆիլմը, որը պատմում է հին «Արտ հոթելի» հավաքարար` 35-ամյա Կարմենի և հյուրանոցի այցելու, պլաստիկ վիրաբույժի միջև ծագած կռվի ու դրանից հետո վերաճած սիրո մասին: Ֆիլմի գործողությունները զարգանում են զուգարանում:
«Ես կուզեի այս ֆիլմը Ղազախստանում ցուցադրել անպայման»,- շեշտել է նա: Անդրադառնալով հայ երիտասարդների ընդհանուր կինոմտածողությանը՝ Շարիֆան խորհուրդ է տվել վերադառնալ ազգայի արմատներին և երբեք չկտրվել դրանից:
«Ես կցանկանայի հայ ռեժիսորների ֆիլմերում տեսնել հայ հերոսներին, հայի ազգային դեմքը: Թմրամոլությունը, աբորտը համամարդկային խնդիր է, անօթևանների և լքվածների ևս ամեն տեղ կարելի է հանդիպել, այնպես որ՝ պետք է ցույց տալ ազգային կինո: Փարաջանովի, Կիմ Կի Դուկի, ինչու չէ, նաև իրանական ֆիլմերի հաջողությունը հենց այն է, որ նրանք ազգայինն են ցույց տալիս: Մենք չպետք է վախենանք ցուցադրել մեր ազգային կենցաղը, օրինակ, ինձ հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչպես եք դուք ազգային կերակուրներ պատրաստում, ձեր մշակույթը, սովորույթ ները: Մենք պետք է ցույց տանք մեր դեմքը, որ աշխարհը տեսնի, թե ինչ ենք մեզանից ներկայացնում: Ոչ Եվրոպային, ոչ ուրիշ մեկին մենք պետք չենք, մենք մեզ ենք պետք»,- եզրափակել է ղազախ ռեժիսորը: